Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հակոբն ու Եսավը. մեկին հայրն է եղել սիրում և մյուսին՝ մայրը․ մոր սիրածը հառաջ էր գնացել, հոր սիրածը ետ մնացել, և այս պատճառով ինչքան Սմբատը սիրում էր Ավագին, Ավագը երբեք սիրո նշան չէր ցույց տալիս։ Նա մանկության նախանձը շարունակում էր և հասակն առած ժամանակ։ Եղբոր հառաջադիմությունը նրան չէր ուրախացնում, այլ տրխրեցնում էր, մանավանդ որ վերջ ի վերջո հայրն էլ Սմբատին էր սիրել և օրհնությունը նրան էր տվել։ Եթե ավելացնենք սրա վրա, որ գրբացն էլ ասել էր Ավագին, թե քո եղբորից քեզ օգուտ չկա, բացի վնասից, կարող ենք արդեն երևակայել, թե այս բոլորը մի նախապաշարված մարդու վրա ինչ ազդեցություն կանե։

Ավագը պարապմունքով երկրագործ էր, իր գութանի մաճը չէր բաց թողում, և միշտ ասում էր՝ ես որ չլինիմ, դուք բոլորդ քաղցած կկոտորվիք։ Արշակը այգին էր մշակում և արաղ ու գինի պատրաստում։ Սրա պարապմունքն ավելի արդյունավետ էր, տարեկան երկու հազար մանեթի արաղ ու գինի էր ծախում, բայց սա չէր ասում, որ այդ իր աշխատանքն է։ Տիգրանը ամենից փոքր լինելով՝ մանկությունից երես տրված էր. սիրում էր ավելի ազատ կյանք վարել, «մեջ ուտում էր, ղրաղ ման գալիս»։ Սրա սիրած զբաղմունքը որսորդությունն էր։ Շատ շնորհալի տակառագործ էր, սիրում էր և մեղվաբուծություն նորագույն ձևով. փեթակներն էլ ինքն էր շինում շրջանակներով։ Բայց շատ չէր աշխատում, այլ գործ էր դնում այդ արհեստը իր զվարճության համար միայն։ Այսուամենայնիվ տան համար պետք եղած բոլոր տակառներն ու չաները ինքն էր շինում։ Սմբատը մեր թափառական, բայց ընդունակ և արդեն հեղինակություն ձեռք բերած վարժապետներից մեկն էր։ Սա ինքն էր կրթել իր երկու եղբայրներին։ Նրանց ուսում տալուց հետո տվել էր և արհեստի։ Արշակը, որ նույնպես գիտեր Տիգրանի արհեստը և ամենից աշխատասերն էր և եռանդոտը, միշտ օգնում էր Տիգրանին և երբ սա գործը կիսատ թողնելով՝ որսի էր գնում, բանը մնում էր Արշակի վզին։

Տիգրանը չէր հաշտվում եզան ու գոմշի հետ.— ես ձի պետք է բանեցնեմ,— ասում էր։ Նա սկսեց ձիան առնել, սայլի