Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղ սկսեց ֆուրգոն բանեցնել։ Այսպես միևնույն տան մեջ և՛ ֆուրգոն էին բանեցնում և՛ սայլ, և՛ գոմեշ լծում և՛ ձի։ Մեծը չէր հաշտվում ձիանց հետ, և վնասակար ու շռայլություն էր համարում, չէր ուզում ձեռք վերցնել իր գոմշից. փոքրն էլ սրա հակառակ, ուզում էր ամբողջ գյուղի սովորությունը փոխել։

Սմբատը նորության բարեկամ լինելով՝ փոքրին էր պաշտպանում և խրախուսում, բայց մեծին հնությունից ձեռք վերցնել տալ չէր կարողանում։ Այս հնի և նորի խառնուրդը տնտեսական վնաս էր հասցնում տանը, բայց հնար չկար դրա առաջն առնելու։ Մեծը, ուզենար էլ, կարող չէր ձի բանեցնել, դրա համար մեծ ջանք, մեծ ծառայություն էր պահանջվում, իսկ նա սովոր էր դանդաղ ու հանգիստ գործելու։ Նոր գութանի հետ չէր հաշտվում, որովհետև գութան շինելում իրան հմուտ վարպետ էր համարում։ Իսկ փոքրը նրան չէր նայում և նոր գութան էր բանեցնում իր ձիերով։

Այսպիսի մի աններդաշնակ խառնուրդ էին ներկայացնում և նրանց կանայքը։ Նրանց մեջ կային երես փաթաթածներ ու երեսբացներ, ինչպես կային չխոսկաններ և խոսողներ։ Մեկը մշակություն էր անում՝ ջուր կրում, խմոր հունցում, հաց թխում, լվացք անում, կերակուր եփում, տղամարդկանց օգնում կալ ու կուտի ժամանակ, կով կթում, խնոցի հարում. հավ պահում, միով բանիվ ամեն բան, ինչ որ մեր ժրագլուխ տատերն արել են իրանց ջահրայից սկսած և գուլպայով վերջացրած. իսկ մյուսը նրան ձախ ձեռքով էր օգնում. երրորդը՝ ձախն էլ չէր բանի մոտեցնում, այլ միայն իր երեխանցն էր զուգում, զարդարում. չորրորդը կար ու ձև էր անում ամենի համար. ամենի սիրտը շահում, որ իր վրա չխոսեն, բայց ընդհանուր առմամբ ամենքն էլ ծույլ էին, ամենքն էլ սիրտպակաս. չկար գործի արդար բաժանմունք, չկար ներքին կարգ ու կանոն, ավլող, սրբող, մաքրող, տուն ու տեղը կարգի բերող։ Այս միևնույն խայտաբղետությունը երևում էր և երեխանց. մեջ՝ թե՛ հագուստի կողմից և թե՛ կրթության։

Այսպես չէր այս տունը, քանի որ կենդանի էր տան տիրուհին՝ լուսահոգի Եղիսաբեթ խանումը. հենց որ նա մեռավ, նրանից հետո տանտերն էլ՝ ծերունի Օհանես աղան, երկար