Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երրորդ մասն է ունեցել, ինչպես մեր որդիքը պետք է մեր ամեն մեկիս ունեցածի չորրորդ մասն ունենան։ Այնպես որ եթե պապն ունեցել է 20 օրավար հող, թոռն ունենում է առավելն մի օրավար, բայց մեծ մասամբ այդ էլ չի ունենում։ Ի՞նչ անի հիմա խեղճ թոռը։ Նա ճարահատյալ կերթա կամ մշակության կամ արվեստի, մյուս եղբայրներն էլ մի ուրիշ բանի։ Այս է պատճառը, որ մեզանում հետզհետե շատանում է գյուղական «երկվորների» թիվը և մյուս կողմից պանդխտությունը և պարապմունքի զանազանությունը։ Քանի որ երկու եղբայր միևնույն գործովը չեն պարապած, ի՞նչ միտք ունի նրանց միասին ապրելը։ Քանի որ մեր կյանքի հանգամանքները եկել հասել են այս կետին, մեր ընտանեկան կյանքն էլ պետք է հարմարեցնենք այդ հանգամանքին։ Սրա համար ես մի լավ օրինակ գիտեմ։ Մեր քթի տակ եղած գերմանացիները գաղթականներ են։ Ինչ ասել կուզի, որ հողի պակասությունն է ստիպել դրանց գաղթելու, ուրեմն և դրանք մեզանից լավ գիտեն հողի արժեքը․ և տեսեք ինչ են անում։ Դրանց մեջ հորական բաժին հողը ժառանգաբար անցնում է անդրանիկ որդուն, իսկ մյուս որդիքը հողի փոխարեն փող են ստանում։ Այս իսկ պատճառով միայն անդրանիկ որդին է լինում հոր օգնականը իսկ մյուսներին տալիս են արհեստի։ Սրա հետևանքը լինում է այն, որ ոչ մի պարապ և անգործ ձեռք չի լինում նրանցում, և երկրորդ էլ այն, որ փող ստացող եղբայրներն իրենց համար նոր հող են առնում։ Այսպիսով այս մարդիկը տարեցտարի նոր և նոր հողեր են գնում։ Այսօր Եկատերինենֆելդը, որ երկու հարյուր տուն հազիվ կլինի, այնքան հող ունի, որի տասներորդի չափ հող չունի մոտ ութ հարյուր տուն ունեցող Շուլավերը։ Մենք հայերս և թուրք ու վրացիք նրանց պես չենք աճում, չենք ճոխանում․ ինչո՞ւ․ որովհետև չունինք նրանց նման ընտանեկան կազմակերպություն, նրանց նման ընտանեկան կարգ ու կանոն, մենք բավականանալով մեր պապերի ունեցածով՝ նրա վրա թուխս ենք նստում, ձագ հանում, բայց բավականին սնունդ չունենալով՝ ոչնչանում ենք, սկսում ենք միմյանց միս ուտել, միմյանց հարստահարել, միմյանց կողոպտել։ Ուրեմն ուղիղն ասաց մեծ եղբայր, թե բաժանությունը պետք է ամուսնության պես