Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի սուրբ օրենք լինի, այլապես ամուսնության համար ասված օրհնությունը, թե՝ «Աճեցեք և բազմացարուք և լցեք զերկիր», կատարումն չի ստանալ։

— Ի՛նչ ասեմ, ամենքդ էլ ինձանից լավ եք իմանում գիրն էլ, գրի զորությունն էլ,— ասաց Մարպողոսը.— բայց դե, նեմեցը նեմեց է, հայը՝ հայ։ Մենք մեր սուրբ հավատքը թողնենք գնանք նեմեց դառնա՞նք։

— Չեմ ասո՞ւմ, որ սրանց ուղեղը ամենայն բան թարս է ըմբռնում,— ասաց Տիգրանը։— Լսեցե՛ք, բիձա Մարպողոս. մի՞թե օրինավոր կարգ ու կանոնը հայկական կրոնին ընդդեմ է։ Ես էլ եմ երբեմն կարծում, որ եթե չկա, երևի ընդդեմ է, բայց մեկ էլ ինձ ու ինձ միտք եմ անում, տեսնում եմ, որ մեղավորը մեր հիմարությունն է միայն, որ գիտենք թե ինչն է լավ և չենք անում։ Մի՞թե վատ բաներ են ընկերական ոգին, հասարակական ոգին, համայնական ոգին։ Ահա թե ինչով պետք է միացած լինին հասարակության բոլոր անդամները։ Ամենքս պետք է եղբայր լինինք, և ոչ թե միայն մի հորից ու մորից ծնվածները։ Իսկ այդ կարելի է ձեռք բերել միայն և միայն բաժանությամբ։ Նախ իմ բաժինն ինձ, քոնը՝ քեզ, հետո համեցեք ընկեր դառնանք, եթե կամենում ես։

— Լսիր, եղբայր,— ասաց Սմբատը,— սրանք ոչ թե չեն հասկանում մեր ասածը, այլ չեն ուզում հասկանալ, որովհետև իրանց համար օգտակար չեն համարում։ Եղբայրս ոչ թե բաժանության է հակառակ, այլ մեր բաժին ստանալուն։ Սա շատ ուրախ կլինի, որ մենք ինչ ունինք, չունինք իրան տանք, և ինքներս դատարկ ձեռքով դուրս գանք։ Այնպես չէ՞, եղբայր, ուղի՛ղն ասա։

— Ես ոչինչ չունիմ ասելու,— պատասխանեց Ավագը,— ե՜ս ոչ ձեր չափ ուսում ունիմ, ոչ ձեզ նման ճարտար լեզու, ուրեմն դուք ձեր բաժինն արդեն ստացել եք, էլ ի՞նչ եք ուզում ինձանից։

— Ուրեմն քո կածիքով՝ ով որ ուսում չունի, պետք է հաց ունենա, իսկ ով որ ուսում ունի, պետք է քաղցած զկռտա։ Այսօր իմ ուսումն էլ ինձ հաց չի տալիս, իսկ քանի որ տալիս էր, ես իմ հացը կիսում էի քեզ հետ։ Ես քեզանից ոչինչ չեմ ուզում, այլ այն եմ ուզում, ինչ որ մնացել է մեր հորից։