Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեր հայրը փոխանակ լեզվով պատասխանելու, գլխով արավ, որովհետև նա իր կիսատ թողած սաղմոսներն էր մտքումը մրմնջում, բայց Արությունին այդքանն էլ բավական էր։ Նա իսկույն մի ուրիշ ճանապարհով վազեց մինչև տուն, որ մի րոպե առաջ հայտնե մյուս երեխաներին, թե ինչքան ուրախ է ինքը...

Մյուս օրը՝ կյուրակի առավոտուն կարելի էր տեսնել ուխտավորների մեծ բազմություն։

Շամշուլդու եռանկյունի բերդը, որի հիմնարկության ժամանակը պատմությունը տալիս է Հայկ դյուցազնի որդուն՝ Քարթլոս նահապետին, ընկած է մեջտեղը Խրամ և Ճավճավ ասված գետերի, որոնք իրանց խառնուրդով պատում են բերդի երեք կողմից անդնդաձև բնական պարիսպներով։ Բերդի արևմտյան կողմից միայն՝ կիսով չափ փլած հաստ պատի մեջտեղով՝ բացած էր մի մեծ դուռն, որով ներս էին մտնում ջերմեռանդ ուխտավորները և հավաքվում Աստվածածնի դռանը։

Այս եկեղեցին մի փոքրիկ մատուռաձև շինություն է, և ներսը ավագ կողմին կանգնեցրած է մի սևագույն, բավականին լայն ու երկայն որձաքար։ Քարի վերա եղած արձանագրության խոսքով նա անվանվում է «Ջուհար խաչ», և շինած է Սմբատ իշխանի ձեռով մեզանից մի հազար տարի առաջ, բայց ժողովրդի մեջ եղած ավանդությունը այդ քարին տալիս է հրաշալի ծագումն։ «Այդ քարը բուսել է ինքն իրան, ասում է ավանդությունը, և սկսել է օրեցօր երկայնանալ»։ Ուզենալով յուր նշանակությունը հայտնել ժողովրդին, մեկին երևացել է երազումը և ասել է նրան՝ «Եթե ինձ վերա եկեղեցի չեք շինիլ, ես այնքան կբարձրանամ, որ գլուխս կհասնի մինչև երկինք»... Երազատեսը պատմել է ժողովրդին, և ժողովուրդն էլ վախենալով, թե միգուցե՝ ճշմարիտ՝ ասածի չափ բարձրանա և ժամանակով վայր ընկնի իրանց գլխին, շտապել են եկեղեցի շինել, և քարը դադարեցրել է իր երկայնանալը։

Մի կողմից տղա ու աղջիկ, հարսն ու երիտասարդ, պառավ ու ծեր՝ միմյանց սեղմելով մոմեր էին վառում հիշած քարի վերա, մյուս կողմից տեր հայրը կատարում էր պատարագի սրբազան արարողությունը։ Իսկ Արությունը՝ բուրվառը ձեռին՝