Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կծրե մարդկային պատմության մեջ։ Շհքսպիրը, այդ մարդկային հոգու խոր թափանցող մարդը զուր չէ իր Մակբեթի ձգտման առիթը պառավ կախարդուհիների նախագուշակությանը վերագրում։ Եվ քանի քանիսներն են եղել պատմության մեջ այսպիսիք։ Ուրեմն մի նախագուշակություն մարդու հոգուն և՛ կենդանություն է տալիս, և՛ մահ։ Ես չեմ կարողանում ինձ երևակայել այսպիսի ոգեկան ազդեցություններից ազատ մարդ։

— Ես է՞լ չեմ կարող։ Միթե կարելի՞ է, որ մարդ իր ստվերի մյուս կողմը ցատկե։ Մարդուս մարմինը հոգու անբաժան ստվերն է։ Մարմնի բոլոր ձևափոխությունները հոգու շարժումների ստվերներն են։ Ինչպես որ մարմնի վրա եղած արտաքին ներգործությունն էլ ազդում է մարմնի վրա, այսինքն նրա գործողությունների, նրա լավ կամ վատ արարքների վրա։

— Բայց իմ միտքն այդ չէր, Արմենակ, ես ուզեցա ասել, որ ինչ մարդ ուզում է թող լինի, նրան կարելի է ոգի տալ, ոգևորել, հուսահատության հասցնել, ինքնապատվությունը մեռցնել հույս ու հավատ ներշնչել նրա մեջ, ուժ ու աշխույժ տալ նրա գործունեությանը, և սրա հակառակ՝ նրա սիրտը կոտրել, մի խոսքով՝ կարելի է և՛ կյանք և՛ մահ տալ նրան։ Եվ գիտե՞ս ինչու համար եմ ասում այս։ Քո մի փոքրիկ նկատողությունդ, թե այստեղ են եղել Աշուշան, Մեսրոպը, Վահանի մայրն իր որդոց հետ, գուցե Ղազար Փարպեցին էլ նրանց հետ, Շուշանիկի նահատակությունը,— այդ բոլորը ինձ վրա այնպես ազդեցին, ինչպես կազդեին մի դյուրազգաց աշակերտի վրա։ Սրանից գալիս եմ ես այն եզրակացության, որ գրական կրթությունը մեզանում ծուռ ճանապարհով է գնում։ Նրա նպատակն է, որպես թե ժողովրդին ինքնաճանաչության բերել, բայց այդ ինքնաճանաչությունը պետք է լինի լավ կողմից։

— Իհարկե. վա՜յ այն մարդին, որ ինքն իրան վատ կողմից է ճանաչում։

— Ահա՛, հենց այդ էի ուզում ասել։ Ինքնաճանաչությունը կրթության գործում պետք է լինի լավ կողմից։ Ում ուզում է լինի, ազգի թե անհատի, որքան վատաբանես, այնքան կվատանա։ Լավ դաստիարակը երեխայի աննշան վատ հատկությունները