Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կախեն: Տանում են որ պարանը ճիտը ձգեն, ասում է․ «Ինձ մի կախեք, ես կերթամ ուղիղը կասեմ»։ Դատավորը հրամայում է, որ ճշմարիտն ասե, թե ինչ էր չափում բանտումը։

Մարդն ասում է.— Ես ոչ այս գիտեմ և ոչ այն, հավատացեք, որ եթե ճոպանը իմ ճտից չհանեիք, ես հիմա խեղդված կլինեի, ահա ձեզ ճշմարիտը։

Սրա վրա ծիծաղում է դատավորը և ազատում մարդուն։ Մարդը գնում է տուն, ուր նրա Բախտն ու Խելքը ասում են միմյանց.— Ոչ մեկս չհաղթվեցինք, երևում է, որ Բախտն ու Խելքը հաջողության և ընդունակության պես միմյանցից անբաժան պետք է լինին, և Բախտը Խելքով ու Խելքն էլ Բախտով կարող են մարդին մարդ շինել։

1906


ՄԱՅՐ ՈԻ ՈՐԴԻ

Ամառվա տապին մայրն ու իր որդին գնացին այգին։

Որդին՝ Սուրիկը՝ դեռ փոքր մանկիկ, բայց սիրուն, աշխույժ, կայտառ ու ճարպիկ, որսում էր այգում նախշուն թիթեռնիկ, իսկ նրա մայրը, բանվոր ժրաջան, քաղում էր կանաչ, վարունգ, բադրիջան:

Մեկ էլ մանկիկը հանկարծ լալիս է, ողբում, հառաչում և իր մայրիկին խնդրում, աղաչում, որ թիթեռնիկի պոկված թևերը կարի, կարկատի։

— Ես չգիտեի,— ասում է լալով,— որ սրա թևերն այսքան բարակ են. հենց որ բռնեցի, թևերի մեկը ձեռքումս մնաց, մյուսն էլ կտրվեց, մնաց վայր ընկած։ Մայրիկ ջան, մայրիկ, շուտ արա կարի։

— Այդ չի կարելի, Սուրիկ ջան, հոգիս, էլ զուր մի սգալ, դա չի սաղանալ,— ասաց մայրիկը և ավելացրեց.

— Երանի դրանք բոլորն էլ ջնջվեն... Դու դեռ չգիտես, թե դրանք առաջ ինչ բան են եղել, մեր բոլոր այգին, տանձն ու խնձորը դեռ կոկոնի մեջ դրանք են կերել։ Դեռ թիթեռ չեղած,