Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն, որ ինչքան ինձ է սիրում, էնքան էլ քեզ։ Մենք դեռ շատ փոքր ենք էլել, որ մեզ նշնել են, հիմի մեծացել ենք, խելքի հասել, կարող ենք ես էլ դու էլ չհամաձայնել, եթե չուզենանք, չսիրենք մեկ մեկու։ Ես լսել եմ, որ քո հերը մի քանի տեղ ասել է. «Իմ աղջիկը նշնած չէ»։ Քո հերը մեկ շատ իր ասածի մարդ է, մեկ որ «չէ» ասեց, էլ ողջ աշխարհը նրան չի կարող «հա» ասել տալ։ Բայց ես չեմ վախում, քանի որ ես կենդանի եմ, ոչով կարող չէ քո մեկ մազին դիպչիլ։ Միայն թե ես գիտենամ, որ քո խոսքն ու սիրտն ինձ հետ է։ Դե հիմի ինձ ասա, մեկ իմանամ, տեսնեմ դու էլ ինձ սիրո՞ւմ ես, թե՞ մենակ ես եմ գժվել, որ ոչ գիշերն ունիմ քուն, ոչ ցերեկը հանգիստ․․․ Ա՜խ, կրակն էլի լավ է, մեկ անդգմ էրում է պրծնում»...

«Ես, ճշմարիտ է, շատ ամաչում էի, բայց սիրտ արի. գլուխս բարձրացրի, որ մտիկ տամ Ռոստոմի երեսին, ասեմ. «Ես քեզ սիրում եմ, իմը դու ես որ կաս, ինչ անելու ես, արա. կուզես փախցրու, կուզես սպանիր, որ ուրիշի ձեռք չրնկնիմ...»... Բայց Ռոստոմի սփրթնած երեսը, աչքերից կաթկթելիս արտասունքը որ չտեսա, գլուխս շշմեց, ձեռներս թուլացավ, գուլպեն ձեռիցս վեր ընկավ, կռացա թե վեր կալնեմ, աչքերս մթնեց, վեր ընկա... Հետո իմացա, որ երբ որ ես թուլացած վեր եմ ընկել, Ռոստոմն ամաչել է թե վերցնի, վազել է մորն իմաց տվել, որ շուտ գա ինձ օգնի...

Վերջապես՝ էլ ի՞նչ գլուխդ ցավացնեմ, իմ հերն էստեղ մի բարեկամ ունի, Օվակիմ է անունը։ Պետք է որ ճանաչես, մեզանից մոտիկ են կենում...

— Սոփիոյի մարդին չես ասո՞ւմ. գիտեմ, ինչպե՛ս չէ...

— Հա՛, հենց նա ինքը։ Դա մի շատ կարդացած մարդ է. իրանից գրքեր է հանում, բաներ է գրում... Ինչևիցե։ Էդ Օվակիմը ամեն բաղաքաղի ժամանակ գալիս էր մեր տուն, մի քանի օր մնում էր, ինձ դաս էր տալիս, քաղքիցը բաներ էր առնում ուղարկում, մի խոսքով ինձ շատ էր սիրում, ասում էր՝ քեզ ես պիտի մարդի տամ, բայց ում որ դու հավանես, ես էլ հավանեմ, նրան կտամ։ Մի բաղաքաղի ժամանակ էլ եկավ մեր տուն։ Իրիկնահացից հետո՝ իմ հերն ու դա մի-մի բարձի վրա թինկը տվին ու սկսեցին զրից անել։ Վերջն էս Օվակիմը