Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրքերից ժողովուրդը կարող է ընթերցասիրություն ստանալ, վարժ կարդալ սովորել, իսկ նորահաս գրողները՝ թեթև գրելու ձև ու ոճ։ Կմնա որ այս սահուն ոճով գրվածի նյութն էլ լինի բարոյակրթական, զարգացուցիչ, դյուրամարս և սննդարար, մի կարևոր և ամեն մարդու անհրաժեշտ գիտենալու բան։ «Կայծեր»-ն ունի և այս երկրորդ արժանավորությունը, վասնզի նրա բովանդակությունն ու ըստ մեծի մասին Հայրենիքի կենդանագրությունը, որ այնքան գեղեցիկ և քնքուշ ներկերով է նկարված: Ընթերցողը կարծես աչքովը տեսնում է յուր Հայրենիքի զմայլելի վայրերը և հիանում, սքանչանում, հետևապես նաև սիրում, և այցելելու միտք ու բաղձանք հղանում...

Հիրավի՜, ինչքա՜ն ցանկալի բան է, որ ամեն ոք ծանոթ լինի յուր Հայրենիքին, գիտենա, թե նրա որ անկյունում ի՛նչ կա, ի՛նչ սար, ի՛նչ ձոր, ի՛նչ դաշտ, ի՛նչ գետ, ի՛նչ օդ, ի՛նչ բերք, ի՛նչ հնություն կամ նորություն, ի՛նչպես են ապրում յուր հայրենակիցները, ի՛նչ գործի են, ի՛նչ վիճակի մեջ...

Ամբողջ գիրքը մի ուղևորություն է, մի ուղևորություն ուխտագնացության պես կամ սար գնալու նման։ Եթե ընթերցողը՝ կամ ասել ուղևորը, մի քնքուշ էակ է, կարող է չվախենալ մի այսպիսի Ճանապարհորդությունից, մանավանդ որ ճանապարհորդությունն ամառն է կատարվում։ Ոչ բուք, ոչ ձյուն, ոչ որոտմունք, ոչ կայծակ ու կարկուտ. թեպետ վատ չէր լիեիլ, եթե սրանք ամենն էլ լինեին, վատ չէր լինի, եթե Հայաստանի լեռներն իրանց արձագանք տալու ահեղ ուժը ցույց տային, ձորերն իրանց հորդահոս հեղեղը, սարերն իրանց բուքն ու բորանը, և այլն. ոչ, այս տեսակ և ոչ մի բան չկա. ընդհակառակն ամենքն էլ ուրախ են, ամենքն էլ զվարթ, որովհետև հունձի ու կալի ժամանակ է, գյուղացին ժողովում է յուր տարեկան աշխատանքի պտուղը, բոլոր այգիները ծփում են նորահաս և թարմ մրգերով — խաղող, դեղձ, թուզ, անուշահոտ և շաքարահամ տանձ ու խնձոր... Բոստանները լիքն են սեխով ու ձմերուկով։ Մեկ խոսքով՝ ի՛նչ սիրտդ ուզի, ամեն բան կճարես. շոգելու լինիս, մոտդ մի ստվերախիտ ուռենի կգտնես. ծարավելու լինիս, մի զովարար աղբյուր, և այսպիսով ամառվան մի քանի ամիսներում կարող ես քեզ