Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պռոշյանցին մի շրջաբերականով արգելեցին վարժապետություն անել և հոգևորականությունից հանելով, հարկատուների կարգը ձգեցին։ թայց շատ չտևեց այս։ Ասած է, ստի ոտները կարճ կլինին։ Պռոշյանցը ոչ միայն արդարանում է, այլև ստահում է Երևանի թեմի վերատեսչությունը և սկսում է բազմաթիվ ուսումնարաններ բաց անել։ Այդ պաշտոնի մեջ էլ մնում է նա մինչև նույն պաշտոնի վերանալը։

Հանգուցյալ կաթողիկոսը միտք ունենալով բողոքականության առաջն առնել, ուզեցավ ավետարանը աշխարհաբարի վերածել և աժան գնով տարածել ժողովրդի մեջ։ Այդ գործը հանձնեց Պռոշյանցին։ Պռոշյանցը իրան հատուկ արագությամբ թարգմանեց ամբողջ Ավետարանը և հանձնեց կաթողիկոսին։ Այղ թարգմանությունն այնքան հավաներ կաթողիկոսը, որ Պռոշյանցին չորս աստիճան տվավ և նրա հետ աստվածաբանության մագիստրոսի կոնդակ։ Այժմ մեր մեջ մագիստրոս միակ Պռոշյանցն է։

Պռոշյանցի բոլոր աշխատությունները միայն իր վեպերը չեն, նա անանուն և կեղծ անունով անթիվ թղթակցություններ ունի ազգային բոլոր լրագրներում ցրված, վերջերում և նաև «Աղբյուր»֊ի մեջ իր սեփական անունով։ «Մշակի» խմբագիրը, երբ նոր խումբ կազմեց և սկսեց իր հրատարակությունը, Պռոշյանցն էլ այդ խմբի մեջն էր և քիչ գործ չունի արած այնտեղ:

Եթե մեկ մարդուց հրաշք չենք պահանջում, կարծեմ այսքանն էլ բավական է, որ ազգը գնահատե և պահպանե ժամանակակից գլխավոր գործիչներից մեկին, ոչ միայն արդեն արածի համար, այլև անելիքի։ Սատարենք բազմաշխատ Պռոշյանցի երեսնամյա հոբելյանը և հնար տանք նրան շարունակելու իր գրական գործունեությունը, որից մեծապես կշահվի ազգը։ Չէ՞ որ մենք շատ երիտասարդների օգնում ենք, որ երթան ուսում առնեն և գան ազգին պետք գան։ Հապա ով որ պետք է եկել, պետք է գալիս ու դեռ պիտի պետք գա, նրան ի՞նչ պետք է անել։ Իհարկե «Զայս պարտ է առնել և զայն չը թուղուլ...»։

Տ-ն օգոստոսի 1888 Բոնիս֊Խաշեն գյուղ