Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլ գրում եմ։ Բայց մենակ ես չեմ այդպես ասում, այլ բոլոր հայերից հնգից 4,9 մասը այդպես է ասում, ուստի ես պատճառ չեմ տեսնում չհետևելու այդ բազմության ձայնին, բայց եթե կամենում եք, որ այդ ձայնը դրականության մեջ ևս լինի, եթե կամենում եք, որ այդպես միայն ասված չլինի, այլև գրված, այդ կողմանե ես չեմ կարող մատնացույց լինիլ թիֆլիզեցոց վերա, որոնք իրանց սահմանափակ ու աղճատված բարբառին են հետևում, այլ կարող եմ օրինակ բերել թե ինչպես են գործ ածում բուն արարատցիք, ուստի և մատնացույց է լինում Աբովյանցի, Պռոշյանցի և յուր դրածների վերա։ Բայց պ. Արծրունին այս պարզ հայերենը սխալ հասկանալով՝ պ. Աղայանցին մեղադրում է սնապարծության մեջ, որ իբր թե նա ինքնիրան Աբովյանցի հետ է հավասարեցնում։ Այս տեսակ հանդգնություն միայն պ․ Արծրունին թույլ կտա իրան՝ Աբովյանցին տիրացու անվանելով, իսկ իրան՝ ազգային գրականության հիմնադիր, մի հատիկ բացառություն հայ բանասերների մեջ։

Բայց լսեցե՛ք, դորա ստերի և զրպարտությունների վերջինը չէ այս։ Դա պ. Աղայանցի վեպերը գավառական լեզվով է գրած համարում, ասում է նաև, թե պ. Աղայանցը բացի դորանից ոչինչ չունի գրած և այլն, և այլն, և այլն, և հետո տեսեք ինչ է ասում։

«Զարմանալի չէ, որ պ. Աղայանցի նման մարդկանց գրական աշխատությունները մենք մինչև այսօր քննադատության ենթարկված չտեսանք։ Սորա պատճառը պարզամիտները կգտնեն նրանց կատարյալ արժանավորության մեջ (երևի լսել է այդպես բան և իրան դուր չի եկել), բայց մենք հեռու ենք այդպես կարծելուց»։

Շատ բարի, բայց ո՞ւմ աչքերն եք ուզում կապել։ Մենք, որ հետամուտ ենք մեր ազգային գրականության բոլոր տողերին, շատ լավ գիտենք, որ պ. Աղայանցի վեպերը գավառական լեզվով չեն գրված, նոցա մեջ հեղինակը պահպանում է ժամանակակից դրական լեզուն և այս կողմից չի հետևել ո՛չ Աբովյանցին և ո՛չ Պռոշյանցին, այլ ռուսաց վիպասաններին, յուր լեզուն որոշելով խոսող անձինքների լեզվից։ Մենք գիտենք նույնպես, որ պ. Աղայանցի առաջին վեպը դուրս գալուն պես