Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ

Նոր Նախիջևան, հունիսի 10-ին

Բթամի՞տ, թե՞ չարամիտ։ Այս հարցը Սեդրակ Մանդինյանցին է վերաբերում։ Ամեն մարդ էլ հասարակ թշնամիներ շատ կունենա, բայց շատ քչերին կպատահի երդվյալ թշնամի ունենալ։ Սեդրակ Մանդինյանցը իմ երդվյալ թշնամին լինելու պատիվն ունի։ Սրա համար պատճառներ շատ կան, բայց գլխավորն այն է, որ ամենից շատ ես եմ համոզված եղել և միշտ էլ գրել եմ, որ այդ մարդը չափից դուրս բթամիտ է, այսինքն՝ այնքան է բթամիտ, որ չի կարողանում հասկանալ իր բթամիտ լինելը։ Եվ տարաբախտաբար որքան շատ է աշխատում ցույց տալ, որ ինքը բթամիտ չէ, այնքան ավելի է աշկարա կացուցանում իր բթամտությունը։ Ասածս հաստատելու համար ես կբերեմ մի նորագույն և ամենաթարմ ապացույց։

Երեկ միայն ձեռքս անցավ «Արարատ» ամսագրի չորրորդ թիվը որի Ս․Մանդինյանցը մի բավականին անմիտ հոդված ունի զետեղած։ Այդ հոդվածի մեջ աչքովս ընկան մի քանի միջանկյալ տողեր, որ հեղինակը գրել է բոլորովին անդեպ կերպով, բայց իսկապես նրա համար միայն, որ հիշեցնե ընթերցողին, թե ինքն այն մարդն է, որ բռնել է Աղայանցի տգիտությունը հայերենի մեջ, և թե հետևաբար սուտ է Աղայանցի պնդելը, թե ինքը՝ Մադինյանցը բթամիտ է։

Տեսե՛ք ահա թե ինչ է ասում. «Սվիֆտի թարգմանիչ Ղ․ Աղայանցն անգամ չկարողացավ մի կես երեսի չափ (ինքն է ընդգծել) ատենական թուղթ թարգմանել, ուր որ երկար շարժած մտքեր կային․ իսկ եթե մեր առաջնակարգ գրիչ պ․ Աղայանցն այսպես է, հապա ի՞նչ հույս ունենանք երկրորդականներից»։

Եթե այս մի քանի տողը մանրամասն վերլուծելու լինենք հոգեբանորեն, այն հետևանքին կհասնենք, որ մենք գործ ունենք մի հոգեպես հիվանդի հետ, բայց մենք կարճ կկտրենք մեր ասելիքը։ Ս. Մադինյանցի հիշած կես երեսը մի ամբողջ գրքի հարյուրավոր երեսներից մեկի կեսն է։ Արդ, ի՞նչպես է պատահել, որ այդքան երեսների՝ եթե չասենք լավ, գոնե