Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զանազանել, ապա ուրեմն նրա բթամտությունը առաջինից մի աստիճան էլ բարձրացել է, իսկ եթե զանազանում է, բայց գիտությամբ և նենգությամբ է անում ինչ որ անում է, ապա ուրեմն նա չարամիտ է հանդիսանում այսօր, առանց սրբված լինելու բթամտությունից։

1893

ՀՈԳԵԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՑ

Լև Տոլստոյը վերացավ աշխարհիցս առանց թողնելու հետնորդներին իր հոգեկան աշխարհի նկարագիրը։ Մենք այսօր չգիտենք, թե նա իբրև բնության հյուլեներից մեկը՝ ինչ չափով էր գտնվում տիեզերական՝ մեզ անհայտ ուժերի ազդեցության տակ։ Ի՞նչ բնազդի, ի՞նչ զգայնության, ի՞նչ նախազգացումների տեր էր։ Արդյոք ի՞նչ կարծիքի էր նա հանճարի, մարգարեության, իմաստության և այլ այսպիսի հոգեկան ուժերի մասին։

Գուցե նա այս բոլորը համարում էր մարդկային ցնորքների արդյունք և մտածում էր սոսկ մարդ արարածի բարոյական կատարելության մասին։

Ի՞նչքան լավ կլիներ և օգտակար, եթե ամեն մի ինքնապատում կենսագիր դրսևորեր իր ներքինը, իր հոգին, ցույց տար իր հավատալիքները, ժխտելիքները, նախապաշարմունքները, սիրելիքներն ու ատելիքները, իր հոգեկան հատկությունների լավ ու վատ կողմերը։ Մի խոսքով ամենայն անկեղծությամբ խոստովաներ բոլորը, ինչ որ ունի իր հոգու խորշերում, լավ թե վատ, սուտ թե ճշմարիտ։ Իհարկե, այն միակ վերապահումով, ինչ որ կարող չէր խոստովանել իրանից անկախ պատճառով։

Ես ահա ուզում եմ այսպիսի նկարագրի մի փոքրիկ նմուշ տալ իմ հոգեկան աշխարհից։