Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանկությանս ժամանակ ես հավատում էի ամեն սուտի և ճշմարտի հավասարապես։ Աղոթքների ուժին հավատում էի մոլեռանդության չափ և պատրաստ էի ինձ ջուր ու կրակ ձգել հավատալով՝ որ ոչ ջուրն ինձ կխեղդե և ոչ կրակը կայրե։ Եվ պատահել է իրոք, որ ինձ ձգել եմ վարարած գետի մեջ և անցել անվնաս, գուցե և դիպվածաբար, բայց նույնիսկ խեղդվելու վտանգի մեջ եղած ժամանակս հավատս չեմ կորցրել, հոգուս արիությունը չեմ պակսեցրել։ Հավատս ոչ մի անգամ չի խաբել և միշտ զորավիգն է եղել ինձ շատ և շատ դեպքերում։ Կրակի միջով չեմ անցել, բայց եթե հարկ եղած լիներ, կանցնեի վստահորեն։

Այժմ ես չունեմ այլևս այդ հավատը, ոչ էլ գլուխս այդ տեսակ փորձանքների մեջ ձգելու տրամադրություն։

Մանկությանս ժամանակ հաղորդակից էի ժողովրդի աշխարհայացքին։ Մեր ընդհանուրի հավատով՝ ամբողջ աշխարհը, մեր տուն ու տեղը, մեր դաշտերն ու ձորերը լիքն էին աներևույթ ոգիներով, որոնք երբ ուզում էին՝ երևում էլ էին մարդկային կերպարանքով՝ ոմանց բարություն և ոմանց չարություն անելու համար։

Այժմյան աշխարհայացքովս այդ չար ու բարի ոգիների տեղ ամբողջ բնությունը լցված է չար ու բարի բացիլներով ու միկրոբներով և բազմատեսակ ճառագայթներով ու էլեկտրոններով։ Բնության մեջ ամենայն ինչ կատարվում է այդ անթիվ ուժերի գործունեությամբ, և առանց դրանց՝ տերևն անգամ ծառից չի վայր ընկնում։

Բայց սրանք այնպիսի բաներ են, որոնք իրավի որ կատարում են հների երևակայած ոգիների դերը, և կարող են շոշափելի դառնալ քիմիայի և ֆիզիկայի վերլուծումով, բայց կան և մարդու հոգու մեջ անտեսանելի ուժեր, որոնք ոչ մի վերլուծումի չեն ենթարկվում, գոնե մեր ժամանակում։ Մենք կարող ենք չհավատալ ոչ սուրբերին, ոչ մարգարեներին, բայց չենք կարող չհավատալ այն լույսի ճառագայթներին, որոնք ամենքի համար էլ տեսանելի են։ Մարդկային այդ լույսի ճառագայթներից գազաններն անգամ ընկճվում են, կատաղի։