Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրավոր պատասխանի մեջ ուրանում է երկաթաքարի գոյությունը։ Ուրեմն երկուսից մեկը սխալ պիտի լինի անշուշտ, կա՛մ յուր ասածը և կամ յուր գրածը։ Բայց քավ լինի ինձ կարծել, որ վանահայրը կարող է կամ սուտ խոսել և կամ սուտ գրել, այդ կարծիքը ինքը հայր սուրբն է տալիս ինձ, հայտնելով, որ յուր նախորդ վանահայրերը վանքի ունեցածը գողացել (՜) և կողոպտել են...։ Ես ընդհակառակը, մինչև օրս կարծել եմ, որ բոլոր վանահայրերը նույնքան սուրբ են, ինչքան Աստվածատուր հայր սուրբը։

Որպեսզի ընթերցողները չկարծեն, թե խնդիրը մի դատարկ բանի վերա է (եթե դատարկ լիներ, հայր սուրբն այնքան չէր վրդովվիլ), ես ուզում եմ այժմ մի քանի խոսք ավելացնել։ Աստվածատուր հայր սուրբը ս. էջմիածնի Սինոդի հրամանով պարտավորվել է տարեկան հարյուր մանեթ տալ Փիբի գյուղական ուսումնարանին։ Հայր սուրբը մեկ տարի միայն վճարելով այդ տուրքը, այնուհետև ահա չորս տարի է, որ դադարեցրել է այդ չնչին վճարը։ Պ. Բարխուդարյանցը, իբրև թեմական վերատեսուչ, քանիցս պահանջել է գրավոր կերպով, հայտնել է նաև Սինոդին, այնտեղից կրկին հրաման է եկել, կրկին առաջարկվել է հայր սուրբին, բայց մեր հայր սուրբը թեմական վերատեսչի այնքան գրագրություններին ոչ մի անգամ պատասխան չի տվել, թե ինչո՞ւ չի վճարում յուր պարտքը, բայց հոգևոր իշխանության առջև ինքզինք այնքան աղքատ է ձևացրել, որ ինքն է ստացել հոգևոր կառավարությունից հարյուր մանեթ։ Այս բոյոր գործերին տեղեկանալուց հետո` ինձ հարկավոր էր իմանալ, թե ճշմարի՞տ, վանքն այնքան աղքա՞տ է, որ չի կարող յուր պարտքը վճարել, թե կարող է, բայց վարդապետը կամայականություն է անում։ Եվ տեսա. տեսա վանքի կալվածները, ի նկատի առա և նորա պահպանության վերա անելիք ծախսերը և եկա այն եզրակացության, որ այդ վանքը նույնիսկ այս րոպեին կարող է ոչ թե մեկ, այլ մի քանի գյուղական ուսումնարաններ պահել։ Իսկ եթե ապացուցվի, որ վանքը բացի իր հայտնի եկամուտներից, ունի և մի անհայտ եկամուտ, երկաթաքարի եկամուտը, այնուհետև էլ մեր վարդապետին փրկություն չկա, այդ մարդը պիտի ահեղ դատաստանի տակ ընկնի և այնուհետև