Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նում, բայց գործով հիմնահատակ քանդում շինածները, արժանավոր մարդկանց մեռցնում և նեխյալ դիակներ կենդանացնում, փոխանակ մի սառն խորհրդածություն անելու, մի տոպրակ ավաղներ կամ ասիական հայհոյանք առաջդ դնում։ Ես իմ կողմանե դրանցից ոչինչ հույս չունիմ, վասն զի իմ տեսությամբս պետք է որ դոցա ուղեղն անգամ կորցրած լինի յուր ազգային հատկությունը… (իմ այս հանդիմանությունը չի վերաբերում մի քանի հազվագյուտ անձինքներին, որոնց ձայնը խեղդված է խառնիճաղանճ ընդհանուրի մեջ)։

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Մեր ազգասեր Հախվերդյանցը տփխիսեցոց հնչման պատճառը տալիս է Հաղպատեցի վանականներին, որոնք իբր թեքաջ հայկաբան լինելով, սորվեցրել էին Տփխիսի քահաններին ուղիղ դպրություն։ Պետք է ասել, որ մեր պաշտելի գիտնականը ուրիշ մի պատճառ չգտնելով, չէր կարող գոնե այդ հանգամանքը չհիշել։ Այո փաստը (գուցե), որպես մի պատմական իրողություն, արժանի լինի ուշադրության, սակայն լեզվի գործի մեջ, որպես հոգեբանական փաստ, չունի ոչինչ զորություն։ Տփխիսու քահանայից մեծ մասը, մինչև այսօր էլ ոչ միայն յուրյանց խոսակցությունը, այլ նույնիսկ Ավետարանը և բոլոր ժամերգությունը իրանց վրացացած լեզվին են հպատակեցնում և իրանց համար արդեն ունակության դառած արտարերությամը ծռմռկում, և այդ գիտությամբ չեն անում, ինչպես շատերին թվում է։ Այսպես' ասում են. «Հայր միր վուր իրկինս իս սուրբ իղիցի անուն քու» և այլն։ Քահանայք ուղիղ դպրություն ունենային ևս, դարձյալ ոչինչ նշանակություն չէր կարող ունենալ մի ամբողջ ժողովրդյան համար, որ չուներ հայերեն դպրություն։ Այլև դպրությունը լեզվին, տեղական կենդանի հնչմանցն է հպատակում և ոչ դարերով կազմված հնչմունքը դպրության, որ նոր է ուզում արհեստական կերպով տիրապետել։