Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աղայանցի ի՞նչ գործն է հրապարակախոսությունը, նա մի դյուզ մարդ է, վեր կկենա և ամեն ինչ դրուստը կասե, մինչդեռ հարկավոր է ճշմարտությունը միշտ վարագուրած պահել, մի քիչ պոլիտիկ լինել)։

Հետո` տեսեք ինչպես է գլըխկոնծի տալիս մեր խեղկատակը. ասում է` «ճանաչել ենք Աղայանցին իբրև անհաջող թեմական տեսուչ (ա՛յ դրուստ բան, ախր մի ինքնուս մարդ, առանց դիպլոմի, առանց նույնիսկ մի հասարակ վկայականի, և... թեմական տեսուչ, այս որտե՞ղ է լսված), որ հաջողությամբ տարածում էր իր հորինած դասագրքերը»։ (Օ՜... ա ՜յ նոր բան...)։

Ես կպատասխանեմ։ Բառ չեմ գտնում, որ այս զզվելի ակնարկության անունը լինի։ Արդյոք ովևիցե մեր դասագրքեր հորինողներից, ովևիցե մեր վարժապետներից լսած կա՞, որ ես ումևիցե դասագիրքը արգելած լինեմ և տեղն իմը դրած։ Սրա հակառակ ամեն վարժապետի խստիվ պատվիրել եմ, որ իր ցանկացած դասագիրքը գործ դնե, այն դասագիրքը, որին սովոր է, որով ինքը կարող է ավելի արդյունք ցույց տալ։

Իսկ թե հաջո՞ղ է եղել իմ թեմական վերատեսչությունը, թե անհաջող, այս մասին վայել չէ ինձ խոսել, այսքան կասեմ միայն, որ Ա. Հովհաննիսյանին շատ դյուր չեկավ, որ առանց իրան հարցնելու, Աղայանցին նշանակեցին թեմական վերատեսուչ։ Եվ այդ իսկ օրից սկսած` պարոնը նկատեց, որ ինքն այլևս նշանակություն չունի ուրեմն, որ առանց իրան էլ կարող են բան անել, մինչդեռ բոլոր երիտասարդ գործողներին հավատացրել է, որ առանց իր կամքի ազգային ասված ասպարիզում նրանք տեղ չունին։ Եվ հենց այս է պատճառը, որ այնքան հացկատակներով և կարիերիստներով շրջապատել է իրան։ Եվ այն պոլիտիկն է բանեցնում, ինչ որ իր նկարագրած հավագող աղվեսը. «գիտե՞ք, պարոններ, ես շատ բան գիտեմ, բայց կարող չեմ ասել. «Մշակի» բանակը մեր ազգությունն ու եկեղեցին վաճառում է, հարկավոր է միացյալ ուժով դեմն առնել... о՜ ... ես շատ բան գիտեմ, ինձ դրել են... ի սեր աստուծո, ուրիշ տեղ բան չասեք...»

էհ, ողորմելիներ, առյուծի ճանկ չեք տեսել դեռ. չկարծեք,Աղայանցը կեղծավորություններ կանի...