Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որի համար նախապատրաստված էր արդեն տարիներով և պատահմամբ չսկսեց։

Այս գործի համար նա ամեն ինչ զոհ բերավ, և, որ դժվարն էր ամենից, ոտնատակ տվավ այն նախապաշարմունքները, որով վարակված էին իր արյունակիցները, որոնք գրական գործունեությունը մի ստոր գործ և ստորին վիճակի մարդու պարապմունք էին համարում։ Եվ հենց այս պատճառով էլ նա իր առաջին պատերազմը այս նախապաշարումն ունեցող շրջանների դեմ հայտնեց, մերկացնելով նրանց ներքին ստրկությունը, բարոյական սնանկությունը և արտաքին գոռոզությունը։ Ոչ մի հայ թերթ վստահություն չուներ նույն կերպարանափոխված շրջանների մեջ մտնելու. այդ շրջաններում եթե նրանց ընդունում էլ էին, ողորմություն տալու պես էին ընդունում, իսկ կարդալով՝ չէին կարդում։ «Մշակը» մուտք գործեց այդ հակակրթված շրջանի մեջ ոչ իբրև մուրացկան, այլ իբրև մի պատվավոր հյուր և իբրև մի անսպասելի պարտատեր, և պահանջեց, որ նա վճարե իր հասարակական և ազգային պարտավորությունը, որ նա կարդա իր մայրենի լեզվով հրատարակվող թերթը։ Եվ նա կարդաց, ոչ ակամա, այլ շատ սիրով և մեծ համակրությամբ։

Ստորին դասակարգը սովոր էր իր տանու տերտերին «օրհնյա տեր» չասել։ Նա ձանձրացել էր արդեն իր մենակերպ սաղմոսաձև լրագրից, որ ամեն օր թույլ բերանով և նինջն աչքերին, միևնույնն էր մսմսում ժողովրդի ականջին։ Հանկարծ դուրս է գալիս «Մշակը», բոլորովին այլ ձևով և բովանդակությամբ, և զարկ զարկի հետևից խփելով, հարց հարցի հետևից զարթեցնելով, ժողովրդին սթափեցնում է դարավոր նիրհից։

— Այս ո՞վ է, ի՞նչ է,— հարցնում է ապշած ժողովուրդը, և երբ ամեն տեղեկություն հավաքում է, երբ իր տրամադրությանը համեմատ է գտնում ասողին և նրա ասածը, իսկույն գրկում է նրան ամուր ձեռքերով։

Այսօր «Մշակը» հայ ժողովրդի ամենասիրելի լրագիրն է ոչ միայն Ռուսաստան, այլև ամեն տեղ, ոչ միայն մի դասակարգի համար, այլ ամեն դասակարգի և ամեն կոչման և սեռի ու կրոնի հայոց համար։