Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեծ մարդիկ կարող են լինել և մեծ բանաստեղծ, և մեծ չարագործ, նույնիսկ միաժամանակ։ Մեծ մարդիկն ամենից առաջ իրանք են իրանց ճանաչում, իրանք են իրանց մեծությունն զգում, իրանք են իրանց հոգու մղումներին ենթարկվում, իրանք են գործիք դառնում իրանց կրքերի ձեռքին ու խաղալիք. իրանք են հարթում իրանց փառքի ճանապարհը, իրանք են իրանց պաշտում, պատվում կամ հանդիմանում, անարգում, հալածում, պատժում, իսկ ուրիշներից շատ անգամ արհամարհվում իբրև գիժ, աքսորվում իբրև վնասակար ու վերջապես բարձրանում կամ անարգ կախաղանի վրա և կամ փառավոր գահի...

Մեծ մարդ լինել և փառասեր չլինել` անկարելի է և անբնական։ Ինչո՞ւ։ Բացատրենք։ Մեկը որ ուսումնատյաց լինի, ուսման սեր չունենա, ինչպե՞ս կարող է մեծ ուսումնական ու գիտնական դառնա։ Այսպես էլ ահա, եթե մեկը չսիրե ոչ փառք, ոչ պատիվ, ինչպե՞ս կարող է մեծ փառքի ու պատվի հասնել կամ ինչպե՞ս կհոժարի մնալ նույն փառքի և պատվի մեջ, եթե չլինի սիրելիս իր ունեցած փառքն ու պատիվը։

Միևնույն կիրքը կյանքի մեջ, գործադրության մեջ զանազան կերպարանք է ստանում, զանազան հետևանքներով և մեր աչքումը ջոկ֊ջոկ բան թվում։ Սրանից է առաջ գալիս մեր գաղափարների շփոթությունը։ Միևնույն փառասիրության կիրքը Աղեքսանդր Մակեդոնացուն հասցնում է մինչև Հնդկաստան, Կոլումբին մինչև Ամերիկա, Դիոգենեսին ձգում է տակառի մեջ, Սոկրատին և Գալիլեյին ձգում է բանտը, Բուդդային քշում անապատ և ասկետ շինում։ Պետք չէ զարմանալ։ Ճգնավորներն ևս ունին և՛ մեծ փառասիրություն, և՛ մեծ նախանձոտություն։ Մի թագավորի որդու ասում են. «Եթե մնաս ձեր տանը, դու կդառնաս թագավոր և կտիրես միայն քո երկրին և քո ժողովրդին, իսկ եթե ձեռք վերցնես թագից, գնաս անապատ, նոր ուսում, նոր կրոն քարոզես, դու կդառնաս Բուդդա, կնվաճես ամբողջ աշխարհը, դու կանմահանաս և կընկնես աստվածների կարգը»։ Բուդդան ընտրում է երկու փառավոր բանից փառավորագույնը ու հասնում է իր նպատակին։ Մինչդեռ բոլոր մեծամեծ հույները Աղեքսանդրին պատվելու համար խմբվել էին նրա չորս կողմը, Դիոգենեսը իր տեղիցը չշարժվեց, Աղեքսանդրն ինքն ստիպվեց գնալ նրան տեսություն և ասաց.