Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Տարազ»֊ի ընթերցողներին։ Ընդունելով «Մշակ»-ի հրավերը, շատ բարեմիտներ կարծիք տարան, որ իբր թե ես համակիր գտնվեցի նրանց արհամարհանքին դեպի «Տարազը». Թող գիտենան, որ այդպես բան չի եղած, որ ես քո հաճությունն առնելուց հետո ընդունեցի նրանց հրավերը, որպեսզի առիթ չտանք նրանց փախչելու կամ ինձ փախչող համարելու։

22 ապրիլ. 97.

Քո Ղ. ԱՂԱՅԱՆՑ


«ՄՇԱԿ»-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ


Պարոններ, այն նախատինքը, որ կարող են ինձ տալ մի այսպիսի անհարմար ժամանակ բանակռվելուս համար, թող թափվի ձեզ վրա, որովհետև դուք եք դրա միակ պատճառը, դուք եք, որ մի քրդական արշավանք եք սկսել։

Դուք ասում եք. «Աղայանցը չէ ընդունում գրական ազնիվ պոլեմիկա»…

Այդպիսի մի բան ես երբեք չեմ ասած և մտքովս էլ չի անցած։ Ես զզված եմ միայն անազնիվ բանակռվից և կյանքումս չեմ տեսած իմ հակառակորդների բանակռվի մեջ ազնվության ստվերն անգամ, սկսած Գ. Արծրունուց և վերջացած Րաֆֆիով, որոնց վրա ակնարկում եք դուք շատ անդեպ կերպով։ Փաստեր բերել ավելորդ է, որովհետև փաստերը շատ են զզվելի և այդ գիտեք դուք, պարոններ, ես շատ շատերի դեմ եմ բանակռվել, բայց կյանքումս աստառ դրած չունիմ, ոչ ոքի «բրուտի շուն» չեմ շինել, ոչ ոքի ամենասուրբ զգացմունքները աղբանոց չեմ ձգել։ Այս բոլորը դուք շատ լավ գիտեք, և եթե ոչ լեզվով կամ գրչով, գոնե սրտով կխոստովանեք, որ այդ բոլոր կռիվների մեջ ես եմ եղել արդարը։ Եվ բանից ի՞նչ է դուրս եկել, ի՞նչ է եղել սրա պատճառը, որ երբեք էլ չեն ասել։ — Ինչո՞ւ, ասում են, մեր լրագրումը չես գրում. մեր բանակին չես պատկանում։ Ուրիշ խոսքով՝ ինչո՞ւ մեր ստրուկը չես, մեր դռան շունը, մեզ համար հաչողը