Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապրելը մի բնական և ստիպողական պաhանջ էր, իսկ առանց աշխատելու էլ անկարելի էր ապրել: Եվ եթե մի այնպիսի երկիր չէին աքսորված, ուր բնությունն առատությամբ տալիս է ամեն ուտելիք տարվա ամեն եղանակներում, ապա երևակայել պետք է, թե որքան դժվարությունով պիտի հայթայթեին իրանց ապրուստը մարդ ու կին, երկուսն էլ մերկ, երկուսն էլ անպատսպար և անզենք։

Պիտի ասեք` շատ խիստ է այս պատիժը։ Ես էլ կասեմ, որ խիստ է, ի նկատի առնելով նրանց անփորձությունը, անմեղությունը, հետևանքի մասին մտածելու կարողություն չունենալը, օձի խորամանկությունը և այլն։ Բայց եթե նրանք այսչափ արդարանալու հանգամանքներ ունենալով հանդերձ, արտաքսվում են դրախտից` աստծո հրամանը չկատարելու համար, որքա՞ն առավել արտաքսվելու արժանի են իրանց դրախտից այն մարդիկ, որոնք անխտիր ուտում են ամենայն պտուղ և չեն կատարում իրանց մարդասիրական պարտքը։ Բնավ անարդարություն չէր լինի եթե այդպիսիներին արտաքսեին դրախտից և հարկադրեին, որ երեսների քրտինքովն ուտեին իրանց հացը, և ոչ թե ուրիշի քրտինքով շաղախված համեղ պատառներով պարարտացնեին իրանց մարմինը։

Այսպես ահա Մովսեսը մի դրախտ տվավ միայն, այն էլ ավելի մահվան համար, քան թե կենդանության և բարեկեցության։ Նա տվավ մարդկությանը ապրելու իդեալ։

Մահմեդը` օգուտ քաղելով Մովսեսի դրախտի և քրիստոսի երկնքի արքայության գաղափարից` մի այնպիսի հեքիաթական աշխարհ ստեղծեց երկնքումը, որ արաբական բոլոր հեքիաթները գլուխ խոնարհեցին նրա առջև և խոստովանեցին իրանց ոչնչությունը։ Արաբացիք առհասարակ զուտ հոգեկան ու վերացական ոչինչ չունին, նրանց երևակայությունը ամենայն ինչ մարմնացնում է։ Այսպես է վարվել և Մահմեդը, իբրև արաբացի։ Քրիստոսի հոգևոր, վսեմ և վերացական գաղափարը նա բոլորովին մարմնացրել է այնպիսի մանրամասնություններով, որ ամեն մի մյուսլիմ կփափագեր գոնե մեկ անգամ աչքովը տեսնել, իսկ այս աշխարհիս վրա գոնե նրա ստվերն ունենալ։

Ես անվայել եմ համարում այս սուրբ տաճարի մեջ նկարագրել,