Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես եմ բերում, դու ես բերում, նա է բերում։ Ես բերում եմ, դու բերում ես, նա բերում է։ Մենք ենք բերում, դուք բերում եք, նոքա են բերում։ Մենք բերում ենք, դուք բերում եք, նոքա բերում են։ Ես էի բերել, դու էիր բերել, նա էր բերել։ Մենք էինք բերել, դուք էիք բերել, նոքա էին բերել։ Ես տարել եմ, դու տարել ես, նա տարել է և այլն, ինձ է պետք, ինձ պետք չէ, ինձ պետք է և այլն:


Երբ որ վարժապետի առաջարկած պարբերության բառերի թիվը երեխայք ճշտությամբ գտնում են նաև օժանդակի բոլոր ձևափոխությունը, այնուհետև երեխայոց առաջարկվում է մի նախապես որոշված թվով պարբերություն ասել, այսինքն, ով ինչ որ պետք է ասի, առաջուց համրում է յուր մտքումը նորա բառերը և տեսնում, թե քանի խոսք է յուր ասելիքը և հետո ձեռք է բարձրացնում. վարժապետը հարցնում է. «քանի՞ խոսք կա ասելիքիդ մեջ»։ — «Երեք,– պատասխանում է աշակերտը, եթե ըստ յուր հաշվույն երեք է և ապա ասում է հատ֊հատ խոսքերով մի բան, օրինակ՝ «ես... գնացի... տուն»։— Մյուսն ասում է. «չորս խոսք է իմ ասելիքը» և ասում է. «ես գնացի մեր տուն»։— Երրորդն ասում է. «հինգ խոսք է» իմ ասելիքը և ասում է. «էս առավոտուն գնացի մեր տուն»։ Վարժապետը նկատում է, որ չնչին բացառությամբ աշակերտների ասածների մեջ միանմանություն կա, բայց ձայն չի հանում, որպեսզի չվհատեցնի նոցա, այլ ամենքից էլ մի նախապես հաշված բառերով պարբերություն դուրս քաշե։ Եթե աշակերտը սխալ է լինում հաշված, այդ սխալը շտկում են ինքյանք աշակերտները վարժապետի առաջարկությամբ։ Երբ որ կարողանում են այս կրթության մեջ փոք֊ինչ վարժվել, վարժապետն սկսում է փոքր առ փոքր պահանջել, որ մեկի ասածի մեջ մյուսի ասածի խոսքերից չլինի։ Այս կրթությունը շատ հեշտ է աշակերտաց համար. նոքա արդեն մի բան ասել գիտեն, այժմ միայն բառերն են հաշվում նախապես:


Երբ որ աշակերտները ընդհանրապես կարողանում են իրենց ասելիքի բառերը ճշտությամբ հաշվելուց հետո ասել, այնուհետև վարժապետն ինքն է նախապես որոշում մի ասելիքի թիվը, առաջարկում աշակերտաց ասելու մի այ