լինի, որ երեք վանկանի լինի, մի կերակուրի անուն տվեք, մի կենդանու անուն տվեք, մի տղայի, աղջկա անուն տվեք, որ այսքան կամ այնքան վանկանի լինի։ Այստեսակ հարցերին պատասխանելը միևնույն է, թե մի նոր գյուտ անել։ Օրինակ, վարժապետն ասում է՝ մի ուտելիքի անուն տվեք, որ մի վանկանի լինի։ Առաջինն ասում է, օրինակի համար - հա՛ց, որով ուրիշների պաշարը մասամբ պակսեցնում է և գյուտը դժվարացնում. ով գիտե, քանի հոգի են եղել պատրաստված հաց ասելու, բայց այժմ նույնը կրկնելու էլ իրավունք չունին, պիտի ուրիշը գտնեն և գտնում են թա՛ն, կա՛թ։ Այստեղ պետք է երևակայել, թե երեխան ով գիտե քանի ուտելիքի անուն է տվել յուր մտքի մեջ և տեսել, որ այդ չէ վարժապետի ուզածը, մինչև որ գտել է թանը կամ կաթը։ Ուստի վարժապետը յուր դեմքի վերա այդպիսի գյուտերի համար մի ուրախության նշույլ պիտի փայլեցնե, որով սակավ վարձատրած չի լինի երեխային և խրախուսած։ Հայտնի բան է, այդ զգացմունքը պիտի ճշմարիտ զգացմունք լինի՝ ոչ մեքենական կամ դերասանական։ Ում չէ ոգևորում դաստիարակության գործը, ով որ այդ պաշտոնը վարձկանի պես է կատարում, լավ կլիներ, եթե այդպիսին օր առաջ չքվեր այդ սուրբ վայրից։ Ասած է. մի ծաղկից օձը թույն է շինում, ճանճը մեղր։ Եթե վարժապետը վարժապետի հոգի չունի, այնպիսին ամեն մի իսկապես կենդանացուցիչ ձևից մեռյալ դիակ կշինե։
ՇՐՋԱՆ ՉՈՐՐՈՐԴ
Լուծումն վանկերի
Այս շրջանի մեջ պահպանվում է նախընթաց նյութերի շարունակությունը, նոցա վերա ավելանում է միայն վանկերի լուծումն։ Դժվար չէ ուղղակի լուծել մի քանի վանկ և մանուկներին գլխի գցել, որ վանկերն իրանք բաղադրված են զանազան