Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քով գիտություն ձեռք բերելու է դատապարտվել։ (Երանի՜ թե այդպիսի մի դատապարտության արժանացած լիներ մի քանի դար առաջ… )։ Այսօր ամենայն ինչ պետք է մկրտվի գիտության ավազանում, ամենայն ինչ պետք է անցնի անաչառ կրիտիկայի բովից, որ Կամ զտվի և ոսկի դառնա և կամ ցրվի ու մոխիր դառնա, եթե առաջ էլ մոխիր է եղել և ծառայել է մեր աչքին փչվելու համար միայն։ Քաղցր է ինձ այստեղ հիշատակել սփոփված սրտով, որ այսօր ուղիղ ճանապարհով են ընթանում մեր նորագույն լեզվագետները և նույնիսկ Մխիթարյան երիտասարդ վարդապետները, որոնք սովորություն չունին ազգի առաջն ընկնելու, բայց ետ Էլ չեն մնում։ Ուրիշ կերպ էլ այսօր անհնարին է վարվել, որովհետև մեր ժամանակ գիտության դեմ երթալ, կատարելության հակառակ լինել - այդ միևնույն է, թե ընդդեմ խթանի աքացել։ Այսօր ոչ ոք այլևս հերետիկոս չի համարվի, եթե դարերով սրբացած մի բանի հակառակ խոսի, միայն թե ապացուցանե, որ իր ասածը եթե բացարձակ ճշմարտություն չէ, բայց եղածից ավելի է ճշմարիտ և օգտակար, որովհետև կատարելության ստորին ծայրից չեն թռչում վերին ծայրը, ուր երբեք էլ չեն հասնում, այլ դա մի ճանապարհ է, որին մի ծայրից դեպի մյուսը գնում են քայլ առ քայլ և աստիճան առ աստիճան։ Յուրաքանչյուր գյուտ իր ճանապարհորդության պատմությունն ունի. օրինակ ձեզ նախագյուտ փայտե մամուլը և այսօրվան շոգեշարժ արագատիպ մեքենաները, բայց ահագին ճանապարհ կա մեկից մինչև մյուսին հասնելը։


Այսօր ես շատ լավ գիտեմ, թե ինչ կնշանակե կատարյալ բառագրությունը, որից դենն իմ երևակայությունն այլևս չի հասնում, բայց կարող չեմ այդպիսի մի առաջարկություն անել, որովհետև այդ կլինի մի այնպիսի ոստյուն, որ նույնիսկ մեր Վարազդատն անել կարող չէր։ Այժմ մենք կվերականգնենք միմիայն ւիւնի և վեվի ուղղագրությունն ըստ նախնյաց ուղղագրության, նրանց բռնած ճանապարհովը կերթանք, նրանց կիսատ թողածը կշարունակենք։ Երբ որ գրում ենք հոդված, այստեղ մենք միայն մի հապավումն ենք անում, ուղղելով այդ բառը ըստ նախնի և արդի արտասանության


219