Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որակության, հատկության վրա։ Միջնակարգ դպրոցներից դուրս են գալիս բոլորովին անպատրաստ պատանիներ, օրիորդներ, որոնք անցնելով համալսարան, չեն կարողանում, նույն պատճառներով, որևէ հիմնավոր կրթություն ստանալ։ Ուսման լայն պրոգրամները թե՛ միջնակարգ և թե՛ բարձր դպրոցներում, դպրոցի հակաառողջական պայմանները, օդից, լույսից զրկված նեղ դասարանները ոչ միայն հոգնեցնում են ուսանողների շարունակ լարված մտքերը, այլև բոլորովին քայքայում են նրանց ջղային սիստեմը։


Եվ որովհետև դպրոցն ինքն է հանդիսանում աղբյուր այդ բոլոր չարիքների, նա ինքն էլ պետք է լինի նրանց բժշկողը։ Բինե և Անրի եզրափակում են, որ այժմ խնդիրը ոչ թե մանկավարժության հին սիստեմը բարեփոխելու մեջ է կայանում, այլ նրա մեջ, որ պետք է մշակել բոլորովին նոր սիստեմ և միանգամ ընդմիշտ դեն շպրտել հին սիստեմը, իբրև անպետք։ Հին մանկավարժությունը, որով այսօր ղեկավարվում է դպրոցը, հիմնված է ամբողջովին հնության կանխակալ կարծիքների, հեղինակությունների և ընթացիկ աֆորիզմների վրա․ նոր մանկավարժությունը, որ կոչված է թարմացնելու մարդկային միտքը, պետք, է հիմնվի դիտողության և փորձի վրա, այսինքն այն սյուների վրա, որոնց վրա հիմնված է ամբողջ ժամանակակից գիտությունը։


Եվ այսպես՝ նոր, արմատական դպրոցը մի կողմից, իսկ սոցիալական կյանքի ավելի արդար և խելացի կազմակերպությունը մյուս կողմից, - ահա զորեղ դարմանները ներվոտության և մտավոր հոգնածության դեմ։


1898