Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՐ ՀՈԼՈՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1. ՈՒՂՂԱԿԱՆ-ՀԱՅՑԱԿԱՆ


«Նոր դպրոց»-ում կարդացի պ․ Ս. Մալխասյանի հոդվածը հայցական հոլովի մասին ընդդեմ պ. Մ. Աբեղյանի, որ մերժում է հայցականի պիտառությունը։ Ես այստեղ չեմ խառնվելու դրանց վեճի մեջ, այսքանը միայն կարող եմ ասել, որ եթե հոլով ասածդ պետք է ընդունվի, ապա դա պետք է լինի ոչ թե ըստ նշանակության, ինչպես պ. Մալխասյանն է ասում, այլ միայն ըստ վերջավորության, ինչպես պ. Աբեղյանն է ընդունում։


Ես ինքս չեմ ընդունում ոչ մի հոլով և շատ ափսոսում եմ, որ պ. Աբեղյանը միայն երկու հոլով է դուրս մղել և ոչ բոլորը միասին, և ոչ ամբողջ քերականությունը։


Հուսալով, որ «Նոր դպրոց»-ը պիտի դառնա նորագույն մտքերի և ձգտումների հանդիսարան, խնդրում եմ, որ թույլ տրվի ինձ կռվելու ընդդեմ մի հնացած նախապաշարմունքի, որի անունն է քերականություն։ Իմ խոսքը ոչ մասնավորապես լեզվագիտական, այլ դպրոցական քերականություների մասին է։ Եվ որքան փոքր լինի ծավալով դպրոցը, այնքան անընդունելի պետք է լինի նրանում որևէ քերականություն, թեկուզ նա անվանվի ամենատարրական։


Երբ որ երեխան կարդում է մի այսպիսի նախադասություն -


«Մարկոսը գնաց Երևան»,


231