չլինին ճանաչելիս թվանշանները, տեսած չլինին սովորական լոտոյի թղթերը, փորձած չլինին կարդալ այս ու այն խանութի ցուցանակը թեկուզ օտար գրերով, որ չլինեն իմանալիս «կոնչինա» ասված թղթախաղը, որով սովորում են գումարում անելը։
Երբ տանը կան դպրոց հաճախող մեծ քույրեր և եղբայրներ, նրանցից փոքրերը չորս ու հինգ տարեկանից արդեն սկսում են նկարել, կարդալ, գրել, հաշվել։ Ծնողները սկզբում բանի տեղ չեն դնում մանուկների այդ ազատ պարապմունքը, բայց երբ նկատում են նրանց առաջադիմությունը, կարգե դուրս էակներ են համարում նրանց, մինչդեռ դա մի սովորական երևույթ է, և այդպես էլ պիտի լինի բնականապես։ Գրագետ և գրասեր ծնողների զավակները չեն կարող անգրագետ մնալ մինչև ութ տարեկան դառնալը։ Ժամանակով միայն մանկական ծաղկոցները կընդունեն անգրագետ մանուկներ, իսկ դպրոցների նախակրթարանները անգրագետ մանուկի երես չեն տեսնիլ։
Այլ պայմանի տակ են գտնվում գյուղի երեխեքը։ Մի գյուղում, որ դեռ նոր է դպրոց բացվում, այնտեղի մանուկները քաղաքի երեխայի պես նախապատրաստված չեն լինում. շատերը նույնիսկ ըմբոստանում են, «անցավ գլխները ցավի մեջ գցել չեն ուզում»։ Օրինակ ունենալով իրենց անգրագետ ծնողներին և ուրիշներին, լավ են համարում իրենք էլ անգրագետ մնալ և իրենց տավարի ու ոչխարի ետևից գնալ սար ու ձոր, սառն աղբյուրների մոտ արձակ-համարձակ պտտել։ Բայց նոր հանգամանքի առջև ընկճվողները
իրենց ընդունակությունովը ետ չեն մնում քաղաքի երեխաներից։ Գտնվելով բնության ծոցում՝ հարուստ սնունդ են ստանում նրանից, իսկ իրենց առույգությունը և ֆիզիկապես ավելի զարգանալը մի մեծ առավելություն է տալիս ավելի ծանր պարապմունք տանելու, քան թե քաղաքի մանուկը։ Ուզում եմ ասել, թե ուսումն սկսող ութ տարեկան
մանուկները բավական հասունացած են լինում ուսուցչին լավ ըմբռնելու, եթե ուսուցիչն էլ լավ է հասկանում նրանց և ճանաչում նրանց մեջ թաքնված ու քնած ընդունակությունները գիտե զարթեցնել և դուրս քաշել նրանց։