նը մի մեծ ժառանգություն ունի ստանալու, բայց որ չի ստանում , այդ միայն նրանից է, որ ինքն իրան ապօրինի զավակ է համարում և ոչ օրինավոր ժառանգ։ «Պահանջեցե՜ք ձեր ժառանգությունը, և կստանաք. բայց պիտի պահանջեք և ոչ խնդրեք, պիտի պահանջեք հրով ու սրով, զի «Արքայությունն երկնից բռնաբարի, և բռանք հափշտակեն զնա»։ Աստված որ աստված է, առանց նահատակության մեզ արքայություն չի տալիս։ Նույնիսկ աստուծո որդին առանց խաչվելու չփրկեց մարդկությունը, ամենայն հայ, որ ապօրինի զավակ չի համարում իրան, պետք է իր արյունով գնե իր նախնյաց ժառանգությունը, և ո՞ր ազնիվ զավակը կփախչի իր մորն ազատելուց դարավոր գերությունից։
Հայրիկը սոսկ խրատ և հրահանգ չէր տալիս, նա առանց առակի ոչինչ չէր խոսում. նա ոչինչ չէր ասում, որի ապացույց մի կենդանի պատկեր և օրինակ չտար։ Մերթ Վարդանին և Վահանին էր նկարագրում, մերթ Մուշեղին և Սմբատին։ Հայոց բոլոր դյուցազունք Հայկ ու Արամից սկսած նրա քարոզի կենդանի պատկերներն էին։
Շուտով թռցրին նրան դեպի իր բույնը՝ Վարագ, բայց նրա ցանած սերմերը Կովկասի հայերի մեջ խոր արմատ բռնեցին և ժամանակին պիտի ծաղկեին և պտուղ տային։
Զարմանալի բան է, իրավի, որ մի քանի տարի առաջ առասպելական քաղաքի պես քարացած էինք և հանկարծ կենդանացանք. որքա՜ն փոփոխություն և որքա՜ն կարճ ժամանակում։ Արևելյան և հյուսիսային պատերազմների պատճառով վաճառականների գործը շատ հաջող էր։ Կարողություն կար ժողովրդի մեջ և նորածիլ ու անկեղծ ազգասիրություն։ Հունձ շատ կար և մշակ սակավ։ Կարդալու փափագ կար, բայց կարդալու ոչինչ չկար։ Շաբաթը մի թերթ լրագիր չէին կարողանում լցնել մարդավարի նյութով, գրողներ չկային, ուսումնարան պահելու նյութական կարողության պակասություն չկար, բայց վարժապետներ չկային։ Եղած վարժապետներն էլ կարևոր դասագրքեր չունեին… Որքա՜ն
խեղճություն… Բայց այսուամենայնիվ առաջադիմությունը ամենայն տեղ և ամենայն բանի մեջ այնքան զգալի էր, որ
284