կախված։ Պետք է արմատախիլ անել վնասակար հավատալիքները և նախապաշարմունքները և պատվաստել բարին և օգտակարը։ Այսպես պետք է անել, որովհետև երկուսից էլ միանգամից կտրվել կարելի չէ։ Ինչպես կարելի չէ զրկել մեկին հոգեկան զգացումներից, նույնպես կարելի չէ ազատել և նախապաշարվելուց։ Լավ կլինի ուրեմն, որ այդ նախապաշարմունքը գոնե նրա օգտին և բախտին ծառայե։
V
Մանկությանս առաջին տարիներում մեր գյուղի մեջ ես մի բացառիկ ծնունդ էի, իբրև կարգից դուրս շնորհալի երեխա։ Նեղ էր և մութ իմ շրջանը, բայց ինչ որ կար այդ շրջանում գեղարվեստական համարված՝ ես յոթը տարեկան հասակումս արդեն բոլորն էլ ամփոփել էի իմ մեջ, և այդ, իհարկե՝ իմ զարմանալի սուր հիշողության և ըմբռնման շնորհիվ։ Իմ բոլոր դասերս, նախքան դաս առնելս, բերան գիտեի՝ կույր աշըղի պես, որ կարդալ չիմանալով ամեն ինչ բերան է անում, լսելով միայն։ Երբ որ կարդալ սովորեցի, էլ հարկավոր չէր, որ ամեն ինչ դաս առնեի։ Ժամասացությունը բոլոր երկար քարոզներով և փոխերով, նույնիսկ ժամումն էի բերան արել՝ լսելով միայն։ Շատ ծիծաղելի էր իմ գիր սովորելը։ Գրերի անունները գիտեի առանց նրանց ճանաչելու, փոխերն ասում էի առանց բառերը ճանաչելու։ Տառերի և բառերի վրա չէի կարողանում կանգ առնել, չէի կարողանում ուշքս կենտրոնացնել նրանց վրա, ոստոստում էի ճնճղուկի պես։ Սրա համար իմ ուսուցչուհին մի բարբարոսական դասատվություն հնարեց, դաս տալն սկսեց ոչ սկզբից դեպի վերջը՝ ինչպես անգիր էի արել, այլ վերջից դեպի սկիզբը՝ սկսած նույնիսկ բառերից, օրինակ՝ «Համբարձի զաչս իմ ի լերինս, ուստի եկեսցէ ինձ օգնութիւն»֊ը պիտի սովորեի՝ «օգնութիւն ինձ եկեսցէ ուստի ի լերինս իմ զաչս համբարձի»… Այս հանգամանքն ինձ մի քիչ նեղը լծեց, բայց շուտով ազատվեցի և սկսեցի ամեն տեսակ գիրք կարդալ առանց բովանդակությունն ըմբռնելու։