Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քաղաք հասանք թե չէ՝ ես գնացի հ․ Այվազյանի մոտ։ Ներս մտա, ձեռքը համբուրեցի և նստեցի մոտը, չսպասելով, որ ինձ հրավիրե նստելու։ Սկսեցի պատմել, թե ուր ենք գնում, ինչու համար և ինչպես եկանք այստեղ։ Հենց այս միջոցին ներս մտավ Հ․ Տեր- Աբրահամյանցը, որ տպարանի գլխավոր գրաշարն էր։ Ներս մտնելիս նա դուռը կամացուկ ետ գրավ, որ փայտը ցավ չզգա․ հենց այնտեղ էլ կանգնեց և այնպես խոր գլուխ տվավ, որ քիչ մնաց գլուխը հատակին դիպչի․ հետո մի քանի քայլ առաջ եկավ, դահլիճի մեջտեղը կանգնեց, մեկ էլ այդտեղ երկուտակվեց մեջտեղից, մեխվեց տեղն ու տեղը, ոտքերը զինվորի պես իրար կպցրած և երկու ձեռքը սրտին դրեց ի նշան հայկական խոնարհության։


Վարդապետը նրան մի քանի պատվեր տվավ, և հրամայեց, որ մեզ էլ գործ տա տպարանումը։ Այս տեսարանին ներկա լինելով՝ ես սկսեցի մտածել, թե անքաղաքավարություն չարի՞ արդյոք, որ առանց հրավիրելու նստեցի մոտը։ Իհարկե անքաղաքավարություն էր և մինչև անգամ հանդգնություն։ Այս անքաղաքավարությունը և հանդգնությունը ես սովորել էի մեր Պռոշյանցից․ նրա համար մեծ ու փոքր չկար և այսօր էլ չկա․ ամենքի հետ վարվում էր ինչպես իր հավասարի հետ։ Բայց Տեր Աբրահամյանցի վարմունքն էլ Պռոշյանցի վարմունքի ստորին ծայրն էր․ եթե հանդգնություն է վերին ծայրը, զզվելի է ստորինը։ Այդ ժամանակ ես ինձ երազել անգամ չէի կարող, որ Երուսաղեմի գերագահ պատրիարքը իր հրավերքին ինձ իր կողքին կնստեցնի, իսկ ինձանից վար մեծամեծ եպիսկոպոսներին և կոնսուլներին։ ճշմարիտ է, մեկ անգամ ես արժանացել էի գեներալ Հախվերդյանցի կողքին նստելու, բայց այդ պետք է վերագրել նրա ծայրահեղ մարդասիրությանը և այն բանին, որ հարկավոր համարեց ինձ պես մի վայրենուն պատսպարել իր պաշտպանության տակ, որ չխրտնեմ։ Այվազյան վարդապետն անմատչելի էր իր ստորադրյալների համար Թեոդոսիայումը․ նա իր փառքի վերին ծայրումն էր և ձգտում էր ավելի ևս բարձրանալու։ Այսպես չէր նա Թիֆլիսումը իր եպիսկոպոս և առաջնորդ ժամանակ․ շատ էր խեղճացել և


356