Մի հոդված միայն, որ կրում է «Ազգային թշվառություն» վերնագիրը, Նալբանդյանցի գրածն էր, թեև Նագարյանցի իսկական անունն է ստորագրված։ Բոլոր շարելիքը ձգում էր ամսի վերջերին և շտապեցնում, որ ամսի վերջին դուրս գա։ Ես հասց
նում էի դարձյալ, բայց այդ օրերում գրկվում էի դասերիցս, որոնք ինձ համար ավելի թանգ արժեին, քան թե «Հյուսիսափայլ»ի ամսավերջին դուրս գալը։ Մեկ օր էլ, երբ այդպես բերել թափել էր հոդվածները և շտապեցնում էր, ես այլևս ուշադրություն չդարձրի, դասերս բաց չթողեցի։ Նազարյանցը գալիս է տպարան, տեսնում է, որ ես չկամ, հարցնում է, թե ուր եմ։ Նրան ասում, են, որ ես դաս եմ առնում մի խումբ ուսանողներից։ Սա բարկանում է սաստիկ և ասում.— «Այդ ասիացի ախմախը ահագին կենդանի է դառել, նոր ուզում է ուսո՞ւմ առնել, գնացեք շուտ, կանչեցեք»։ Եկան ինձ ասացին նրա բարկությունը։ Ես իսկույն գնացի ոչ թե նրա հրամանը կատարելու, այլ իր հայհոյանքի փոխարենը ետ դարձնելու բոլորի առջև, վոր տեսնեն, թե Նազարյանցին թույլ չեմ տալ ինձ անպատվել անպատիժ կերպով։ Գնացի և կանգնեցի տառարկղիս առջև բիզը ձեռիս։ Նա դուրս եկավ գրասենյակից և սկսեց իր հանդիմանությունը կոպիտ խոսքերով, ես պատասխանեցի իրանից ավելի կոպիտ կերպով։ Նա աչքերը խփեց, ինչպես սովորություն ուներ, և սկսեց ձեռքերը շարժել ինչպես մի դերասան բեմի վրա, որ ասածն ավելի ազդու դուրս գա, բայց այս անգամ նրա մի ձեռքը դիպավ իմ ձեռքի բիզի ծայրին, որ անգիտությամբ մեկնեցի դեպի իրան՝ ուզենալով պատասխանս իր ձևովը տալː Նազարյանցը վիրավորվելով թե իմ խոսքերից և թե իմ խթանից, երեսը շրրջեց ու հայհոյելով հեռացավ, իր հետ տանելով և իմ հայհոյանքը, որ անխնա իր ետևից թափեցի գլխին։
Նազարյանցը հայերիս ասում էր կոպիտ ասիացի, բայց չէր զգում, որ ասիական կոպտությունը իր մեջ գերանաչափ էր։ Մեկ անգամ էմինի ու Նազարյանցի մեջ ես դարձա մի հափշտակության առարկա․ այդտեղ տեսա այդ երկու մեծ մարդկանց փոխադարձ հսկայական ատելությունըː էմինը մի գիրք էր շարել տալիս ռուսերեն՝ հայոց հեթանոսական կրոնի մասին: Այդ գրքում տեղ֊տեղ հայերեններ կային, և ինձ խնդրեց, որ ես շարեմ։