ծայրահեղ և մոլար գաղափար։ Մոսկվայում իմ հարաբերությունը ռուս և լեհացի ուսանողների հետ էր. հայ ուսանողներին ճանաչում էի միայն հեռվից. տեսնելով նրանց թղթամոլությունը և բուլվարներում քարշ գալը անանուն աղջկերանց հետ, ես տածում էի դեպի դրանց խորին արհամարհանք։ Զուր տեղ վատնում էին իրանց հայրերի և բարերարների փողերը, առանց հոգ տանելու իրանց բարոյական և մտավոր զարգացման վրա։ Այսպես չէին Պետերբուրգի ուսանողները, բայց դրանց հետ դեռևս ծանոթ չէի։ Իմ ծանոթությունս այդ ժամանակ լեհացոց հետ էր։ Ապրելով Սոկուլսկու հետ՝ իմ ուսանող վարժապետի, որ ծայրահեղ ազգասեր էր, այնպիսի սըրտաճմլիկ պատմություններ էի լսել նրա ազգի վերջին պատմությունից, որ լաց էի եղել հետը միասին։ Ես ինքս էլ իմ աչքովս քիչ աղեկտուր բաներ չտեսա։ Այս հանգամանքն ահա ինձ մոտեցրեց լեհացիներին։
Պետերբուրգ որ հասա, իմ սենյակս մի լեհացու բնակարանում վարձեցի ամեն ծախքով։ Ընկեր գրաշարներս նույնպես լեհացիք էին։ Իմ և սրանց մեջ այնքան սեր և մտերմություն կար, որ հասնում էր մինչև հոգեկցության։ Մեկ անգամ սրանց մեկի ամուսնու հետ ծանոթացա դուրսը, առանց նախածանոթ լինելու։ Սա մի շատ զարմանալի դեպք էր, թեև շատ բնական։ Մի ջահել տիկին երկու անգամ ճամփին պատահելով՝ այնպիսի հայացք էր ձգում վրաս, ինչպես մոտավոր ազգականուհի։ Սա ինձ ճանաչում է, ասացի մտքումս, բաց ո՞վ կարող է լինել, երևի Գանսկևիչի կինն է. մարդն ինձ նկարագրած կլինի, սա էլ ճանաչում է ինձ։ Երրորդ անգամ որ դեմ առ դեմ եկանք, մտքումս ասացի. եկ փորձեմ, տեսնեմ նա՞ է։ Ես գլխարկս վերցրի և ուղղակի հարցրի. - Դուք տիկին Գանսկևիչր չե՞ք արդյոք։ - Այո, իսկ դուք պարոն Աղայանցն եք, իմ ամուսնու ընկերը։ - Այո՛։ -Ես ձեզ ճանաչեցի, - ասաց, - որովհետև Պետերբուրգում չկա մի այլ ոք ձեր տարազով և դեմքով, դուք աչքի եք ընկնում հազարների մեջ, բայց ինքներդ ինչպե՞ս ճանաչեցիք ինձ։
- Ձեր հայացքն ինձ թելադրեց ենթադրելու, որ դուք իմ սրտակից բարեկամի սրտակիցն եք, և ես, ինչպես տեսնում եք, չսխալվեցի։
384