Այս վեպը գրելիս՝ շարունակ հուզված վիճակի մեջ էի, Գործող անձինքներիս լացի հետ լաց էի լինում, ծիծաղի հետ ծիծաղում, բարկացողի հետ բարկանում բնական կերպով։ Այս զգացմունքով եթե բեմի վրա մի դերի մեջ լինեի, ում որ ուզում էի սպանել, փոխանակ սպանել ձևացնելու, ուղղակի կսպանեի։ Նկատում էի սակայն, որ անկյունիս տերերը՝ մարդ ու կնիկ ապշած էին մնացել իմ տարօրինակ վարմունքի վրա և երևի կարծում էին, թե ուր որ է, ես պիտի գժվեմ և հիվանդանոց տանելու դառնամ։ Սակայն ես այնքան հափշտակված էի իմ գործովս, որ դրանց վրա ուշադրություն դարձնել չէի կարող. ազատ էի ամեն տեսակ կաշկանդող կապանքներից։ Այս վիճակում մնացի շարունակ յոթն օր, և հենց այդքան օրում էլ վերջացրի գրելիքս։ Գրիչս չէր կարողանում հասցնել թղթին զգացմունքներիս բուռն և արագ հոսանքը։ «Երանի քառասուն ձեռք ունենայի այս րոպեիս», ասում էի ես։ Վիպագրողների և բանաստեղծների մեջ այս երևույթը արժանի է խորին ուսումնասիրության հոգեբանների կողմից։ Սա խելացնորությո՞ւն է արդյոք, ինչպես շատերը կարծում են, թե՞ ներշնչություն կամ ոգևորություն, - այդ չէ գլխավորը, այլ ի՛նչ հանգամանքից է առաջ գալիս և ինչո՞ւ միշտ էլ չի կրկնվում։ Այս վիճակի մեջ ես միայն մեկ անգամ եմ եղել, բայց ոգևորվելով շատ անգամ եմ ոգևորվել։ Այս բանը ես այսպես եմ բացատրում։ Երբ տպավորությունները չափից դուրս շատանում են, նրանք արտաբխում են չափից դուրս զորեղ հոսանքով։ Այս օրինակը նկատում ենք հոգու և բնության մյուս երևույթների մեջ էլ։ Մի տեղից աղբյուր է բխում հանկարծ, հեղեղ է լինում, զանազան երկրային վիժմունքներ են լինում։ Դրանց բոլորի ուժը կախված է այն առատությունից, որ ունին նրանց ամբարները՝ փակված ավազանները պահպանող ամբարտակները։ Ծնունդը, ինչպես և բխումը, պետք է դուրս գա մի որևէ կեղևից, իր ուժով բանալով այղ կեղևը, ինչպես ձագուկը ձորն կամ արգանդը։ Մեկ օրվա կարոտն այն ուժը չունի, ինչ որ տասն օրվանը, իսկ տասը տարվանն ավելի ահավոր է։ Մի օրական երեխայի մահը այն կսկիծը չի պատճառում, ինչ որ մի տարեկանինը, իսկ
390