իմ դասընկերն է եղել և դրացի, բերավ մի ձեռք հագուստ ինձ համար շատ թանկագին, ասելով, որ պ. Մովսես Բուդաղյանցն է ուղարկել քեզ ընծա։ Ես չէի ուզում վերցնեի բայց Մարտիրոսն ինձ հանդիմանեց ընկերաբար, թե այն մարդը իբրև ողորմություն չի ուղարկել, նոր հագուստ է առել քեզ համար, նա քեզ շատ սիրեց, ինքն էլ է բանաստեղծ․ եթե չընդունես, նրան վիրավորած կլինես։ - Շատ լավ, - ասացի, - կընդունեմ, բայց երեսս չի պատիլ, որ գամ նրան շնորհակալություն անեմ, ես կամաչեմ։
- Այդ հարկավոր չէ, - ասաց, - ես քո փոխանակ շնորհակալություն կանեմ։
Այսպես ահա՝ ամսական նշանակեցին երեսուն մանեթ․ քիչ հետո շինեցին քառասուն, մինչդեռ իմ պաշտոնակից երկու ուսանողներից մեկն ստանում էր 10 մանեթ, մյուսը՝
15։ Հոգևոր կոչում ունեցողները լավ ռոճիկ ունեին։
Եկեղեցում ընդունվելուս լուրը հաղորդեցի պ. Եզյանին․ պատմելով, որ ինձ շատ հավաներ վեհազնը։
- Այո, - պատասխանեց Եզյանցը, - ես գիտեի, որ նրանք շատ կհավանեն… ձեր փառավոր մորուքին…
Պարոն Եզյանցի նկատողությունը շատ ուղիղ էր, թեև երգիծական։ Նրանք գնահատեցին իմ արտաքին հանգամանքները և ոչ ներքին։ Արտաքին բարեհաջող հանգամանքներով ավելի դյուրին է մեծամեծների շրջանը մտնել, քան թե ներքին։ Ես ունեի այդ բարեհաջող հանգամանքը, բայց բնածին բարոյական հակումներիս շնորհիվ գայթակղեցուցիչ ոգուն գլուխ չտվի։ Բեսարաբիայի թեմի ժամանակավոր կառավարիչ Եղիզար եպիսկոպոսը երբ որ եկավ Պետերբուրգ, այնպես սիրահարվեց իմ արտաքինով, որ իսկույն մի ուրար ձգեց ուսիս։ - Չեմ ուզում, - ասացի, - սրբազան հայր, ես հոգևոր կոչում չունեմ։ - Շատ մի՛ խոսիր, - ասաց, - չոքիր առաջիս․ ինձ խնդրում են, որ ես այս քոռ ու քաչալներին տերտեր շինեմ. աստծուն հաճելի են միայն քեզպեսները։
Չընդդիմացա, ընդունեցի ուրարը։ Այս բանը շատ գութ եկավ վեհազնին։ - Մենք քեզ քահանա չենք շինիլ, - ասաց, - այլ վարդապետ և հետո էլ եպիսկոպոս…
394