Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուղեկիցս առժամանակ մնաց Ստավրոպոլ, իսկ ես չերքեզների հետ գնացի մինչև Վլադիկավկազ, և այստեղ էլ մնացի մինչև յոթն օր, որովհետև ճամփան կապված էր «завал»-ների պատճառով։ Այստեղ ճանփուս ծախսը հատավ, մնաց հինգ մանեթ միայն։ Էլ սպասել կարելի չէր․ մտածեցի ուղտով գնալ։ Գնացի ուղտապահների մոտ, սակարկեցի մինչև Թիֆլիս երեք մանեթ։ Նստեցի մի ուղտի վրա իմ եվրոպական շորերովս և քաղաքի միջով լանգու-լանգու անելով անցա մինչև մյուս ծայրը։ Ամենքն էլ ապշած նայում էին և հարցնում միմյանց, թե ո՞վ է արդյոք այս գիժը։ Այդտեղ իմ ուղտապահներն իջան ուրիշ քարավանի մոտ, որոնց բեռները դեռ պատրաստ չէին։ Ես մնացի դրանց մոտ կանգնած մոլորվածի պես։ Մեկ մանեթ կանխիկ էի վճարել. «Եթե այսօր գնալու չէինք, - ասացի, - ինչո՞ւ բեհ առաք ինձանից»…


Այս միջոցին, չգիտեմ, աստված ուղարկեց, թե իրանք եկան, մոտեցան ինձ երեք հոգի Ղզլարցի վաճառականներ, և միտքս իմանալով՝ ասացին, ուղտով անցնել անհնարին է, դուք բոլորովին կսառչեք։ Մենք էլ պետք է գնանք Թիֆլիզ, սպասեցեք միասին երթանք. ի՞նչ ունեք շտապելու։ Ես համառեցա, իսկ նրանք աշխատեցին համոզել ինձ և իբրև մի խենթի խելքի բերել։ Տեսա որ ինձ անխելքի տեղ են դնում, պատճառը հայտնեցի, խոստովանելով, որ սպասել չեմ կարող, որովհետև ճամփու ծախքը հատել է։ Ղզլարցիք խնդացին։


- Գնանք, գնանք, - ասացին, - մեզ մոտ։ Մենք կարող ենք ձեզ մինչև Թիֆլիզ տանել, իսկ այնտեղ դուք կվճարեք ձեր բաժին ծախքր։


- Եթե այդքան բարի կլինեք, - ասացի, - ես ուրախությամբ կվճարեմ թեկուզ պարտքիս կրկնապատիկը։


Կանխիկ վճարած մանեթս այլևս չպահանջեցի ուղտապահներից։ -Ջանս, ինչո՞ւ չառնես, - ասացին տղայքը։ - Ո՛չ, - ասացի, -ես արդեն նստեցի ուղտի վրա, այն էլ կյանքիս մեջ առաջին անգամ, այդ ինձ համար ավելի արժե, քան թե մի մանեթ։


Թիֆլիսում պարտքս վճարելու հույսս մեծ էր։ Վեպս


408