Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1870 թվականի ամռանը վեհափառը գնաց Թիֆլիս և Մանկունին համարյա թե նրա տեղը բռնեց։ Սա ստիպում էր ինձ, որ թե իր և թե իր գավառական գործակատարների հոդվածները տպեմ «Արարատ»-ում։ Ես չէի շարել տալիս այդ հիմար հոդվածները և ձգում էի խոհանոց։ Պետք է ասեմ, որ այդ կոզմանե չափից դուրս խիստ էի։ Ես չտպեցի և Բաստամյանցի տված մի հոդվածը, որից նա ևս վիրավորվեց, բայց հետո ինքն էլ համոզվեց, որ կարելի չէր տպել այդ հոդվածը, որով ֆիզիկական ուժին էր տված վերջնական հաղթությունը կյանքի կռվի մեջ։ Նրան հակառակ՝ ես առաջարկեցի իմ ինքնուրույն տեսությունը, որից հետո իր շռած աչքերը ավելի լայն բաց արավ։ Իմ այդ տեսությունը հիմնված էր հավատի, բարձր մարդասիրական զգացմունքի, այլասիրության, զուտ բանականի վսեմ հատկությունների՝ ազատ կենդանական հատկություններից, միով բանիվ ոգեկան, այլ ոչ ֆիզիկական երևույթների վրա։ Այս տեսությունն իմ սեփականն էր և իմ գյուտը, թեկուզ ուրիշներն էլ գրած լինեին միևնույնը։ Պետերբուրգից ես թղթակցում էի իմ մի բարեկամ ուսանողի հետ (Նիկոլայ Ջիմին)։ Մենք շատ սիրում և հարգում էինք միմյանց, առանց համակարծիք լինելու։ «Որ համակարծիք չենք միմյանց, - գրեցի մեկ անգամ, - դրա պատճառն այն է, որ մենք ամեն մեկս բանի վրա նայում ենք մեր ազգային տեսակետից»։ Ինչպես կարելի է, որ Անգլիայից, Գերմանիայից դուրս գա մի Գարիբալդի, մի Վիլհելմ Թել։ Մենք զզվում ենք ինկվիզիցիայի ստոր արարքներից և միևնույն ժամանակ հիանում և սքանչանում այրվողների հոգու վսեմությունից։ Ես այն հույսն ունեմ, որ աշխարքից կանհետանան բոլոր անիրավ հարձակմունքները և երկրի վրա կտիրե ընդհանուր եղբայրություն, փոխադարձ սեր և հարգանք, այդ ժամանակ միայն մարդը կլինի մարդ, իսկ այժմ նա մի կիսագազան է։ Հավատացած եմ սակայն, որ մարդն այս աստիճանին հասնել կարող չէ առանց կռվի։ Այս կռվի մեջ նա կհանդիսանա հաղթող, ում ձգտումը որ կլինի հասնել մարդու այդ բարձր կատարելությանը, իսկ կջախջախվի նա, ով որ հակառակ կհանդիսանա դրան, թեկուզ ըստ երևույթին նա շատ զորեղ թվա։ Այս հանգամանքը


438