մնացածը լեզուներ էին՝ հայերեն, ռուսերեն և ֆրանսերենդ այլև կրոն, երգեցողություն և վայելչագրություն։ Ուսուցչական ժողովներ չէին լինում, ոչ էլ ուսման ծրագիր ունեին։ Տեսուչը Վարդան Աբովյանցն էր, մի շատ ազնիվ և պատվական հայ, բայց իր պաշտոնին շատ անհարմար։
Չորս առարկան շատ-շատ էր գործը նոր սկսող ուսուցչի համար, բայց ես ստիպված էի վերցնել, որովհետև ուրիշ հանձն առնող չկար։ Ես պետք է սովորածս նորից սովորեի,
այն ևս ոչ թե ինձ համար, այլ ուրիշներին նույնը հաղորդելու համար դյուրին եղանակով։ Այս նախապատրաստությունը ինձանից շատ ժամանակ էր խլում, այլևս ազատ
ժամանակ չէի ունենում, որ տեսնեմ ինչ եմ անում և ինչպես են դասավանդում մյուս պաշտոնակիցներս։
Երբ որ իմ նախորոշած չափովն անցա առարկաներս, սկսեցի կրկնել, և այլևս դաս պատրաստելու կարևորություն չունեի, այնուհետև ազատ ժամերս նվիրեցի մյուսների դասերի այցելությանը ավելի նրա համար,որ ինձ համեմատեմ նրանց հետ, որովհետև վախենում էի, թե միգուցե՝ իբրև խամ ուսուցիչ թույլ լինեմ գտնված և ետ մնացած փորձառու վարժապետներից։
Եվ ի՞նչ տեսա, տեր իմ աստված… Հիմա էլ որ միտս է գալիս՝ միսս սարսռում, մազերս փշաքաղվում են։ Այցելությունս սկսեցի նախակրթարանից։ Այդ դասարանը բուն
ուսումնարանի շենքից անջատված էր, ինչպես անջատված է լինում գոմը լավ շենքերից։ Եվ հենց գոմի էլ նման էր արտաքուստ, իսկ ներքուստ նման էր խոզանոցի, երբ բազմաթիվ մեծ և փոքր խոզուկներ իրար գլխով ընկնելով՝ որը բրթբրթում է, որը խռխռկում, որը մրթմրթում է և որն էլ ճղավում, ճչում։ Անկարգ, անկանոն, ամեն մեկի ձեռին մի առանձին գիրք կամ տետրակ, իսկ վարժապետը մի կատարյալ վայրենի, իսկ և իսկ խոզարած, մի երկայն ճիպոտ ձեռին մեկի գլխին էր խփում, մյուսի ձեռներին։ Ինքը սարկավագ էր, տերտերի հագուստով, երկայն հասակով ու մորուքով և մի երկայն գլանաձև դուխաբորի գդակ էլ գլխին, որ դասի ժամանակ ևս չէր վերցնում, վախենալով, որ դատարկ գագաթը քամով չլցվի։
454