վարակում իմ օրինակով։ Այստեղ սկսեցի մշակել իմ նորագույն մեթոդը, թե ինչպես պետք է ուսուցանել մայրենի լեզուն։ Նախ ցույց տվի գործով՝ դասավանդությամբ, և հետո՝ խմբի ցանկությամբ՝ գրեցի և հրահանգը, թե ինչպես պետք է ուսուցանել, հետո էլ կազմեցի դասագիրք։ Առաջին անգամ մեր գրերը ես լուծեցի արմատական տարրերի և գրել տվի տակտով։ Այստեղ առաջին անգամ ես դաս տվի մի ծխական դպրոցում «Բացատրություն բնության երևույթների» և «Տարրական ֆիզիկա ըստ Կրյուգերի»։ Այս երկուաշխատություններն էլ ես թարգմանեցի, որոնցից մեկը տպվեց «Արարատ»֊ում, որից արտատպվեց հօգուտ Սահականուշյան ուսումնարանի, մյուսը՝ «Ֆիզիկա» տպագրվեց Պետերբուրգի հայ ուսանողների հաշվով։ Այստեղ գրեցի բազմաթիվ հոդվածներ, թե մանկավարժական և թե քննադատական։ Այստեղ գրեցի և հայկական հնչյունների մասին, որով Այվազովսկուն գրգռեցի իմ դեմ, ինչպես և Պալասանյանին՝ սրա «Մայրենի լեզվի քերականություն»-ը քննադատելու համար։ Այստեղ գրեցի և իմ «Երկու քույր»-ը, որի մասին պետք է մի քանի խոսք ասել այստեղ և մեկ մութ մնացած խնդիր պարզել ժամանակակից նոր սերնդի համար, որ երբեմն միայն ձայնն է լսում, բայց չգիտե որտեղի՞ց է փչվում։
Քիչ առաջ ասացի, թե Գ. Արծրունին խնդրեց, որ աշխատակցեմ «Մշակ»֊ին, և ես էլ խոսք տվի։ նույն տարվա վերջերին մի նամակ էլ Պալասանյանից ստացա, որ գրել էր խմբագրության կողմից և հիշեցնում էր իմ խոստումս։ Այս նամակը որ ստացա, ես շատ զբաղված էի և պատրաստի էլ ոչինչ չունեի։ ձեռաց մի առակ գրեցի Ղարաբաղի բարբառով, խոստանալով՝ որ շուտով մի վեպ կուղարկեմ իրանց։ Առակը տպվեց «Մշակ»-ի սկզբի՝ կարծեմ յոթներորդ համարում Փրեյդուն ստորագրությամբ։ Առակը մի արջի պատմություն է։ Աստված ուզում է արջին մարդ շինել, միայն Դիզակեցի, բայց արջը չի համաձայնվում, ասում է.— Եթե այդպես ես ուզում, ես ավելի լավ կհամարեմ արջ մնալ։ Սրանից հետո ահա ես անմիջապես գրեցի «Երկու քույր»֊ը մի շաբաթվա մեջ և ուղարկեցի պ. Սիմեոնյանցին, խնդրելով, որ սրբագրությունը