լսել այդպիսիներից, թե երանի մյուս չորս որդիքս կոտվեին, բայց ոչ սա, որից կախում ուներ մեր կյանքը։ Բայց կա առած, որ ասում է, <<որ մատդ կտրես, որ չմղկըտա, մոր ջիգյարը ամենքի համար մեկ է»։ Վերջապես, եթե ասենք, որ սովի ժամանակ, սովորական բան է, որ շատ մայրեր ուտում են իրենց զավակների միսը, սորանով կնքած կլինենք մեր կարծիքի ճշմարտությունը։ Ասել է թե ծնողի անգթությունը այնքան շատ է, որքան շատ է նորա կենդանական պահանջմունքը. իսկ նորա գթառատությունը այնքան շատ է, որքան շատ է նորա հոգեկան պահանջմունքը։ Նա աշխատեցնում է յուր որդուն այն չափով, որ չափով որ կարող էր բավականություն ստանալ յուր կենդանական պահանջմանց համար. նա վաճառում է, եթե այդով կարող էր բավականանալ և վերջապես ուտում է, եթե այլ միջոց չունի ապրելու։ Մեր գյուղացիք թեպետ չեն ուտում իրանց երեխայոց միսը, ըստ որում հարկ չկա, բայց մյուս բոլոր անգթությունքը ունին։ Դոցա համար կինը դրամագլուխ է, իսկ որդիքը նորա տոկոսիքը, տղամարդը կուլ է տալիս երկուսին էլ։ Սարսափելի խավար և շոշափելի' տգիտություն։ Ոհ, իմ սիրտս կտրատվում է հիշելով այս րոպեիս հազար ու մեկ եղեռնագործությունը... բայց... և ինչևիցե... քանի֊քանի մայրեր կան, որոց հոգեկան պահանջմունքը հաղթում է մարմնականին, և մայրը պատրաստ է ամեն այն տեսակ թուք ու մուր տանելու, սովու ու մահու մատնելու յուր անձը, քան թե յուր զավակների հետ այդպես անգթությամբ վարվել։ Բայց ու՞ր են կանայք՝ <<Ուր, Եղիշե, ո՞ւր փափկասուն մեր տիկնայք...»։ Ազգասեր կարող է լինել նա, որ գիտե նախ, թե ինչ ասել է ազգ և երբ այդ սիրո մեջ մի օգուտ է նշմարում դեպի յուր անձը, որ առաջ է գալիս ինքյան ազգի մի անգամը լինելն զգալուց։ Ինչպես նաև հայրենասեր կարող է լինել նա, ով զգում է, թե ունի հայրենիք, և թե դորանից մի քանի կանգուն հող էլ ինքն ունի իրավունք ունենալու։ Բայց եթե մի հայրենիք, մի ազգ թշվառ չէ, նա չունի տեղիք կարեկցության, որ սիրո հետևանք է։ Եվ այն ազգը կարող է թշվառության մեջ ընկնիլ, ինչ ազգ որ տգետ է.
Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/51
Արտաքին տեսք