իսկ տգետը կարող չէ զգալ յուր թշվառությունը և բախտավորության հնար որոնել։ Քանի որ տգետ է, նա պիտի ստրուկ և թշվառ մնա, քանի որ չէ երկմտում յուր համառությանց ստուգության մեջ, նա պիտի տգետ մնա։ Երկմտությունը մտածողության կարապետն է. մինչև չէ երկմտում, թե մի՞գուցե այսպես չէ, ինչպես կարծում եմ, նա և չէ՛ մտածում, չէ ցանկանում փնտրել բարին և ճշմարտությունը և հետևապես չի ճանաչում յուր անձին թշվառությունը։ Բայց մարդը ի բնե մտածող կենդանի լինելով, երկար ժամանակ մի մոլար կարծիքի մեջ չէ համառվում և չէ կաշկանդվում։ Ամենայն մոլորություն գտնում է վերջապես յուր հակառակորդը, ամենայն մոլություն՝ յուր խափանառիթը, թեպետ լինում է և ընդհակադարձն, բայց միշտ բարին և ճշմարտությունը հաղթող են հանդիսանում և ճշմարտությունը հետևում է բարվույն։ Երբ զարթում է բարվո և ճշմարտության հոգին ժողովրդի մեջ, այն ազդեցությունը, ինչ որ դա գործում է ընդհանուրի վերա, դորա արդյունքը իսկույն երևում է այս և այն անհատի մեջ, որոնք՝ ամբողջ հասարակության խորերը իրանը միակ հոգու վերա կրելով՝ հրապարակ են դուրս գալիս հաշիվ ու համար տալու։ Որքան շատ ցավեր ունի հասարակությունը, այնքան շատ են ցավում և նրանք, որքան շատ են ցավում, այնքան շատ են աշխատում հնարների մասին, որքան շատ են աշխատում, այնքան շատ են աշխատակիցներ ու հետևողներ են գտնում, որքան շատ աշխատակիցներ են ունենում, այնքան շուտ են մոտենում իրենց նպատակին։ Եվ այդ աշխատությունն է ահա, որ թե՛ ազգասիրություն և թե՛ հայրենասիրություն է համարվում։
Ազգասիրությունը խաբեբայական է և կուրորեն, երբ մի ազգ իսկապես թշվառ լինելով, նորա այս և այն անհատը կա՛մ կուրությունից ստիպված կա՛մ պղտոր ջրում ձուկ որսալու նպատակով, սկսում է քնացնել նորան թովչական ճարտարամտությամբ, գովաբանելով նորա այն բաները, որոնք նորա թշվառության բուն աղբյուրներն են։ Նորա եղեռնագործությունները քաջագործությունք է համարում, տգիտությունը՝ բարոյականություն․․․ րիթմաչիքը՝ մի-մի