մանկավարժ-բանաստեղծ, պ. Մանդինյանցը՝ իբրև հոգեբան, իսկ պ․ Ենգիբարյանը իբրև փաստաբան, այսինքն այնպիսի մի ոճով, որով կարելի է միշտ սևն սպիտակ ու սպիտակը սև ցույց տալ։ Նա պաշտպանում է բանաստեղծությունը և միևնույն ժամանակ ծաղրում ու պարսավում իմ բանաստեղծական ասացվածքը Հոնանու մասին։ Դրա գրվածքը հիշեցնում է ինձ Սենեքերիմ Արծրունու ճառերը։ Եվ ինչպե՜ս բարձրից է խոսում, տեր աստված. ենթադրում է, որ ուրիշները խոտ արածողներ են, մոռանում է, որ ինչ որ ինքը նոր է ճաշակում, ուրիշներն այնքան են կերել, որ զզվել են։ Պաշտպան է հանդիսանում մի կուսակցության, որ իմաստակներից, կապիկներից, կաշառվածներից և խաչագողներից է բաղկացած։ Եվ որովհետև ես չեմ համակրում այդ կուսակցությանը, ինձ անվանում է «ամենավատթար հայից էլ վատթարագույն», մի տիտղոս, որ իմ արյունարբու թշնամիներս անգամ ինձ տված չեն։ Մոտերս մի նամակ ստացա իրանից, որից երևում է, որ իմ լեզուն չի հասկանում և հարկավոր է համարում չհասկանալ, որպեսզի յուր պաշտպանած դատը չկորցնե: Կարդացեք այս տողերն իրան և ասացեք, որ նամակի պատասխանի տեղ կստանա մի գրվածք… Գրել եմ, հուսալով, որ մեր մեջ կարող է համերաշխություն կայանալ, պետք է ներողամիտ լինիք իմ մի փոքր կոշտ խոսքերիս համար։ Ես հույս ունիմ, որ իմ գրվածքը (քննադատությունս) Ձեզ վրա այն տպավորությունը չի լինիլ գործած, ինչ որ գործել է պ. Գարեգնի վրա։ Առարկաները աչքի վրա հակառակ դիրքով են տեղավորվում, բայց ուղեղի վրա շիտակ, կան ուղեղներ, որ աչքի տպավորությունը հակաշրջելու հատկություն չունին և մարդկանց տգիտությունն ու հակասությունը գլխավորապես դրանից է հառաջ դալիս։ Ասածս բարոյապես պետք է հասկանալ իհարկե և ոչ ֆիզիկապես։
Մեզանում արհեստավորները ուսումն ավարտող աշակերտներին օրհնում են և օրհնելով՝ մի ապտակ են զարկում։ Եթե պ․ Ենգիբարյանը բանաստեղծի հոգով կարդա իմ քննադատությունը՝ կտեսնես, որ նրա մեջ եղած թեթև ապտակը վարպետի ապտակ է, չէ վիրավորական և ցավեցու-
515