Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շինում, պսակ ու կնունք են անում։ Վերջապես երեխայք ամեն բան կատարում են, ինչ որ տեսնում են մեծերի մեջ, որ ասել է՝ ըստ ամենայնի մարդիկ են, միայն փոքր հասակով և փոքր խելքով. այդ պակասություններն էլ ժամանակը լրացնում է և ձգում հասարակության մեջ, երբ բոլորովին դառնում են այն, ինչ լինելու որ ձգտողություն ունեին. եթե հիմար էին, այժմ տգիտանում են, եթե պարզամիտ, այժմ մոլիանում են։ Բայց սրանց թե առաքինությունը և թե մոլությունը բնականապես և մակստացական լինելով այնքան արժանի չեն ուշադրության, ուստի թողնենք սոցա առ ժամանակ մի վայելելու իրանց անմեղությունը, իսկ մենք դառնանք դեպի քաղաքը։


Այլ տեսարաններ է ներկայացնում քաղաքի երեխայոց աշխարհքը։ Ընդհանրապես խոսելով քաղաքի երեխայոց վիճակը սաստիկ թշվառ է։ Այստեղի երեխայքը հինգ կամ վեց տարեկան չեղած, պետք է կամ արհեստի տրվին աշակերտության կամ վաճառականության և կամ ուսման։ Արհեստի են տալիս այն երեխան, որին ուսում տալու կարողութուն կամ հասկացողություն չունին։ Վաճառականության տալիս են այն երեխան, որ ուսումը ատելով չի կամենում