բավարար թոշակ ունենաս։ Իսկ մինչև այն՝ ինչ որ կարծում ես, թե իմս է, նույնը և քունը համարիր, և համարձակ ծախսիր թե՛ գրքերի փող է, թե՛ վարդապետի տված է։ Էլ մի ասիր, թե ինձ պարտ ես, եթե ոչ ուրեմն դու էլ չես լավ մարդ։ Իմ դժվարս այս քանի ամիսն է. գամ թե չէ, նոր նախագիծ ունեմ հարստանալու։ Միամիտ եղիր և ուրախ կաց, երբեք չհուսահատվես։ Չէ՞ որ դասագրքերիս գերության ժամանակը լրացավ։ Եկա թե չէ՝ պետք է աշխատենք՝ ընդունելի դասագրքերի ցուցակի մեջը դնել տանք։ Այս որ հաջողեցնենք, այնուհետև երկուսս էլ կապահովվենք մշտապես. դու կլինես մշտական հրատարակիչ։ Է՜հ, դեռ շատ բան կա առաջներիս։ Փառք աստուծո, հիմա առողջ եմ և առույգ, ոչ ծխում եմ, ոչ խմում։ Կսկսենք գրքույկներ հրատարակել մինը մյուսի հետևից։ Այս ամառ ոչինչ չեմ գրելու, թեև մտքովս շատ բան է անցնում։ Պետք է, որքան կարելի է, շատ կազդուրվեմ, որովհետև անցյալ տարի չափից դուրս եմ հոգնեցրել ներվերս և մինչև ուղեղս։
Հիմա մի հանձնարարություն։
Հին Խրիմը արտադրում է կաղնու կեղև կաշեգործության համար։ Պատրաստողները խեղճ հայեր են, իսկ միջնորդներն ու առնողները՝ հրեաները։ Այստեղի կաղնու կեղևը ամենալավ հատկությունը ունի մյուս տեղերի համեմատությամբ։ Մեր կողմերն էլ կաղնուտ կան, բայց ոչ այստեղի չափ է և ոչ սրա հատկությունը ունի, այս պատճառով էլ Թիֆլիսի կաշեգործները այստեղից բերածն են առնում։ Մեր Փիլիպը, որ նույն պես այդ բանից առնում է, կարող է այդ մասին քեզ մի պարզ տեղեկություն տալ, պատասխանելով հետևյալ հարցերին. - 1) Ու՞մից են առնում իրանք կաղնի կեղևը, ի՞նչ ֆիրմայից և որտեղի՞ց բերված. 2) Ի՞նչ գնով են առնում փութ աղացածը կամ չաղացածը. 3) Տարեկան քանի՞ փութ կերթա Թիֆլիսի գործարանների համար։
Դու գիտես արդեն, որ Բերբերյանի «Կյանքը» կյանքի երեսը չտեսավ։ Զուր տեղը անցյալ տարի այնքան աշխատեցինք, նյութերի պատրաստություն տեսանք։ Ինձ դեռ հայտնի չէ, թե արդյոք Բելլամին ցենզորը բաց թողե՞ց, թե ոչ։ Արասխանյանցն ի՞նչ է արել, որի մասին հետո ես գրելու։
566