Եթե մարդկային ցեղի մեջ թշվառություն չլիներ, և ոչ կարեկցության զգացմունք կլիներ։ Մարդուս կարեկցությունը բնականապես շարժում է դեպի նա, որ ավելի թշվառ է, քան թե ինքը։ Աչք ունեցող և կարող մարդը միշտ կխղճա անաչք աղքատին և դեպի նա ողորմության ձեռն կկարկառե, բայց ո՞վ է տեսել, որ երկու կույր աղքատք միմյանց ողորմեն, և սակավ չի պատահում մեզ տեսնել կույրերի անհաշտ բնավորությունը և իրարու հետ անդթապես ծեծկվի՜լը...
Քանի որ մի հասարակությունը դեռևս կույր է ըստ մտավորականին, նորա անդամները պիտի ծեծկվին մեկ մեկու հետ և քանդեն իրարու տուն։
Ուստի և, մասնավորի առաքինի լինելը կախում ունենալով ընդհանուրի առաքինությունից, պետք է ուշ դարձնել որքան մասնավորի վարուց վերա, մի նույնքան և առավել ևս այն հանգամանքների, որոց մեջ ապրում է մասնավորը։
Եթե մի ցավի առաջք առնելու համար մաքրություն է պահանջվում ամեն տանից, որչա՞փ առավել հարկավոր էր ամեն տանից պահանջել կանոնավոր կրթություն, որպեսզի ամեն տեղից վերանալով մոլությունը, չվարակեր մարգոց հոգիքը և չմահացներ։ Ի՞նչ են այն դատարկաշրջիկ երեխայքը, եթե ոչ մի-մի ցավ, որոնք այսօր կամ վաղը պիտի մինի ծուխը կտրեն, մյուսի բուկը։
Աշխատիր մասնավորին հրեշտակի վարք ու բարք տալ, բայց ոչ ապաքեն դա պիտի վերջապես մտնե կյանքի մեջ, ուր խաբվելով, խաբվելով պիտի սովորե խաբել և նզովել յուր անձը գառը շինողներուն և գազանաց կերակուր պատրաստողներուն։
Տգիտությունը, որ Քրիստոսին խաչելու ընդունակ է, որչափ առավել հեշտ է նորան խաչելը ճշմարիտ քրիստոնեին, վերացուր տգիտությունը, կվերանա և խաչողությունը բարոյականության համար։
1869