Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջին տարիուկիսուայ ընթացքում, տալիս են մի ընդհանուր պատկեր կոտորածի իրագործման եղանակի մասին:

Ճիշտ է, իւրաքանչիւր շրջանի մէք կոտորածը ներկայացնում է իր առանձնայատուկ կողմերը համաձայն տեղական պայմանների և մտնաւանդ տեղական իշխանութիւնների բնաւորութեան, սակայն առաջին իսկ ծանօթութիւնից դեպքերի հետ՝ աչքի է ընկնում մի ընդհանուր սիստեմ ամբողջ գործի մէջ: Ամեն տեղ գործը սկսուել է հայերի զանգուածային տեղահանութեամբ: Ճանապարհին (երբեմն և մինչև ճանապարհ ընկնելը) աքսորական մասսաներին ենթարկել են նախ և առաջ թալանի, յետոյ բաժանել են երկու մասի. տղամարդկանց առանձնացրել և անխնայ կոտորել են, իսկ կանանց ու երեխաներին քշել են աքսորավայրերը, ուր նրանց մեծ մասը զոհ է գնացել սովի, հիւանդութեան և բռնութեան:

Տեղահանութեան ու կոտորածի ենթարկուել է հայութիւնը ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլ և այդ սահմաններից շատ հեռու վայրերում: Եւ միմիայն, որքան յայտնի է, օսմանեան մայրաքաղաքի հայ բնակչութիւնը կարողացել է իր գոյութւինը պահպանել, տալով համեմատաբար քիչ զոհեր:

Ի՞նչ պատկեր են ներկայացնում կոտորածից ազատուած թիւրքահայութեան կենդանի բեկորները։

Կենդանի թիւրքահայութիւնը ներկայումս բաղկացած է երեք տարրերից:

Առաջին՝ կանանց ու երեխաների բազմութիւնը, որ դեգերում է հալածական հրէայի պէս անտուն ու անտէր Միջագետքի, Սիւրիայի և Արաբիայի անապատներում և ամերիկական ու մի քանի այլ չէզոք պետութիւնների օգնութեան շնորհիւ մի կերպ իր գոյութիւնը պահպանում է։ Այս զանգուածի մասին անպայման վստահելի, ճշգրիտ տեղեկութիւններ մինչև այս օր էլ բացակայում են: Աւելի ևս անյայտ է այդպիսիների թիւը։ Ամերիկական աղբիւրները ասում են մօտ 500,000։ Ամենայն հաւանականութեամբ այս թիւը չափազանցուած է կամ գէթ այս պահուս պէտք է չափազանցուած համարուի, որովհետև հիւանդութիւնները, կիսաքաղց վիճակը, վնասակար կլիման ու ընդհանրապէս աստանդական, անպաշտպան կեանքի հետ կապուած բոլոր տխուր պայմանները ամեն օր հարիւրաւոր կեանքեր են խլում:

Երկրորդ՝ ինչպէս ռուս զօրքերի կողմից գրաւուած հայկական շրջանների փորձը ցոյց տուեց, բաւականաչափ հայեր կարողացել են զանազան միջոցներով (դիմադրութիւն, խորամանկութիւն, տեղական այլևայլ տարրերի օգնութիւն և այլն) ազատել իրենց կեանքը և թագնուած մնալ մինչև ռուս զօրքերի գալը: Այսպիսիների թիւը անհամեմատ աւելի դուրս եկաւ, քան թէ կարելի էր սպասել: Մօտաւոր կերպով անգամ որոշել այդ թիւը անհնար է ներկայ պայմաններում: Պատերազմական ճակատի վրայ կազմուեցին յատուկ խուզարկու խմբեր կենդանի մնացած հայերին, մանաւանդ երեխաներին ազատելու համար, որոնց աշխատանքը բաւականին արդիւնաւէտ