խում ուներ միայն, իր մանկական դատաստանեն: Եթե իրավ է, որ զբոսանքը շռայլվելով կը դադրի զբոսանք ըլլալե, Հակոբիկ իր տղայության ատենեն ճանչցավ Ձանձրույթ, հագուրդե եկող Ձանձրույթ, աշխարհիկ հաջողությունները արհամարհելու մերձավոր: Իր տարիքին հատուկ խաղերը շատոնց վայելած ու մեկդի նետած էր կոտրած խաղալիկներու պես, երբ մենք ամեն մեկս ատոնց մեջ գերագույն երջանկությունը կը տեսնեինք:
Հակոբիկ անոր համար միայն վարժարան եկավ, որովհետև սովորություն մըն էր ասիկա և որովհետև տունը մինակ մնալով սիրտը պիտի նեղանար:
Աչքիս առջևն է իր նիհար, բայց աղվորիկ դեմքը լուսնկայի կլորությունով ու բերնին, թուշին, ճակտին գրեթե կնոջական գիծերը, այնքա՜ն նուրբ, ա՜յնքան փափուկ: Խարտյաշ մազերը միշտ սանտրած ու երկուքի բաժնված գլխուն վրա: Հիվանդագին շնորհ մը վրան սփռված, որ պահպանության կոչում մըն էր կարծես: Տասնըչորս տարու էր այդ միջոցին: Անհնարին ծուլությունով ծույլ մը սակայն իր դասերուն մեջ: Բացի գծագրութենեն, որուն մեջ նորեն զարտուղի կերպով՝ բայց իրական ձիրքով օժտված էր, հետինն էր ամեն ուսումներու մեջ: Ծաղրանկարի վարպետ մը միայն. տնտեսեն սկսելով մինչև տնօրենը իրենց պատկերները ապահով էին գտնելու պատերուն վրա՝ մատիտով, երբեմն ալ ածուխի մը ծայրով գծված: Հարուստի զավակ ըլլալուն՝ իր հանցանքները, քրեական մեզ ամենուս համար, ներողամիտ խրատներե ուրիշ հետևվություն մը ունեցած չէին:
Իր վտիտ կազմին հակառակ՝ ճապուկ [1] ու ճկուն տղա մըն էր, պարագլուխը մեր ամեն անկարգությանց ու մեր տղայական ըմբոստություններուն: Ինչպես կ՚ուզեք, որ ասանկ տղա մը չսիրվեր մենե: Օրերով բացակա կը մնար դպրոցեն. այդ միջոցին նոր զբոսանքի
- ↑ ճապուկ - դյուրաթեք, արագաշարժ