պարզասիրտ քահանա մը՝ ան ալ խրատեց Նիկողոս աղան: Բայց տունը խոսքը բանալուն՝ ամեն բան տակնուվրա եղավ:
Նեկտար հանըմ մեղմ ու հեզ ձայնով մը զգացուց, որ հորը անեծքը պիտի հասներ անոր վրան, թե որ ատանկ բան մը ըներ. հետո, դեռ իր քույրերը չկարգած ինքը կարգվելու ելլելը չտեսնված բան մըն էր. մյուս եղբայրը կարգվեր էր ահա և գլխուն եկածը տեսեր էին. նորեն ինքը գիտեր, հարկավ կարգվելուն պես՝ գալիք հարսը պիտի վռնտեր զիրենք տունեն և երկու խեղճերը պիտի մուրային կամ հիվանդանոց պիտի երթային, բայց տանը մեծն էր ինքը և անոր հրամանին հնազանդելու պարտավոր էին իրենք:
Նիկողոս աղան այս խոսքերուն դեմ պատասխանելու բան մը չկրցավ գտնել. հորը խոժոռ դեմքը պատկերացավ իր աչքին առջև. հայրը նստած սա դեմի անկյունը, ճիշտ դեմը. ու այս վերհուշումով չկրցավ խոստովանիլ ոչ իր հին սերը, ոչ իր զավակներուն գոյությունը: Ներսիդիեն իրավունք տվավ իր քրոջ ու ամեն վարանամիտ մարդու պես՝ հարմարագույն ժամանակի մը թողուց այս անել վիճակին կարգադրությունը:
Նիկողոս աղային գործերը ալ ավելի աղեկցեր էին հիմա: Չարշըին մեջ խույումճիներուն էն հարուստներեն մեկն էր, Լոնճայի մեջ անդամ, իր գեղին Թաղական Խորհուրդին մեջ գանձապետ էր:
Իր եղբորորդին, չափահաս պատանի մը, իր առուտուրին մեջն էր: Որքա՜ն երջանիկ պիտի ըլլար, թե որ իր բուն զավակները, հիմա երկու հրեշտակի պես տղաքներ, իր քովը ըլլային. բայց կը խորհեր, որ բարոյականի դեմ պիտի ըլլար ասանկ բան մը ընելը: Ու Նիկողոս աղան իր վարանումին մեջ մնաց:
Հորը պես ինքն ալ օր մը հանկարծակի, սրտի կաթվածեն, ժառանգական ախտեն մեռավ:
Եկեղեցին ու ժողովուրդը տակն ու վրա եղան այս մարդուն հուղարկավորությունը ընելու համար: