Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հուլիսի մեջ կիրակի ցերեկ մըն էր: Ժամուն բոլոր ջահերը ու մոմերը վառեցին. վարդապետները ու տերտերները հրավիրվեցան ու եպիսկոպոս մը գտնվեցավ, որ պատվավոր մարդու իբրև տիպար մեկը ներկայացուց ննջեցյալը: Ապաքեն ժողովուրդին կարծիքն է, որ պատիվը՝ ոչ այնքան կարգե ու կանոնե իրոք չշեղելու. քան թե շեղումները չցուցնելու, պարտկելու մեջն է:

Ոչ ոք աշխարհիս վրա Նիկողոս աղայեն ավելի կյանքին մեջ իր թերացումները պահած էր. ամբողջ ընտանիք մը քայքայեր, իր հարազատ զավակներուն ոչ միայն ապրելու նյութական միջոցները՝ այլ անուն մը ձգելու չէր հոժարեր. ատոր համար ու իր հանցանքը ատ տղոց վրա ձգելով փախեր էր աշխարհեն: Ընկերական նախապաշարյալ կարծիքը ոչինչ կրնար ուզել իրմե ասկե ավելի:

Հանրության առջև իր վայելած հարգանքեն բան մը պակսած չտեսնելու համար շարժած էր միշտ անիկա, իր բովանդակ կյանքին մեջ. իր կամքե զուրկ մարդու նկարագիրն ալ մնացածը ըրեր էր:

Կամաց-կամաց կը տանեին դագաղը այս մարդու, որ իր հանցանքին բոլոր ահավորությամբը կարծես թե ծանրացած էր այս պահուս:

Հետո, մեռելակիր մարդիկ քոլոնեի ջուր[1] սրսկել սկսան դագաղին վրա. անոր շատ մոտեն գացողները թաշկինակնին քիթերնուն տարին. դիակին նեխումը սկսած ըլլալու էր, վասնզի գարշելի հոտ մը, ամեն ջանքերու հակառակ. կը ծավալեր, դուրս կ’ելլեր գոց սնտուկին չորս դիեն:

Ու այս ապականությունը, զոր կարելի չէր ըլլար ահավասիկ պարտկել. այս մարդուն վախճանին խորհրդանշանը կը թվեր. ամեն եսասեր կյանքի վերջանալուն խորհրդանշանը, իսկույն ժայթքելով դուրս, գերեզմանի մը մինչև մուտքը հասնելուն իսկ չսպասելով:

  1. քոլոնեի ջուր - օդեկոլոն, օծանելիք