Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հիմա գարշահոտությունը կը սաստկանար, այս աղվոր կիրակի օրը աղտոտելով. ապահովապես ներքին արյունահոսություն մը պատահած ըլլալու էր. մեռելին տերերը ինչ ընելիքնին չէին գիտեր ալ. եկեղեցիին առաջին կարգի թավիշե ծածկոցը՝ իր արծաթափայլ լայն խաչովը փռված այս դիակին վրա՝ բոլոր համակրությունները, որ այս մարդուն կ’ուղղվեին, չէին հաջողեր այս թարախի ու շարավի կույտին պղծությունը նվազեցնել:

Ցերեկվան մաքուր ու պայծառ արևը վերեն կ’իջներ ամենուն վրա, իր ճշմարտության հստակ լույսովը ողողելով այս պատիր մարդոց տղայական շարժումները, հեգնելով անոնց մութ ու շինծու խղճմտանքին կարգն ու սարքը:

Ընտրյալ բազմություն մը ետևեն կ’երթար. ամենքը միաբերան անոր գովեստը կու տային. չարախոս մը, որ անպակաս է ասանկ հավաքումներու մեջ, փսփսաց, որ լուսահոգին երկու զավակ ուներ, երկու զավակ, զորս չէր ճանչցած. ամենքը լսեցին ասիկա, բայց այդ բազմության աչքին՝ ճիշտ այդ զավակները չճանչնալուն մեջ կը կայանար այս մարդուն պատվավորությունը. երես չտվին ու ծուռ նայեցան այդ շատզրուցին:

Կը հիշեմ հետո դատը, որ ծագեցավ այս մարդուն մահվընեն վերջը:

Սոֆիկ հանըմ իր սուգը պահեց, բայց զավակներուն իրավունքները պահպանելու մեջ չթերացավ. նախ թաղական խորհուրդին, հետո Պատրիարքարան գնաց, իր զավակներուն ի՞նչ ըլլալիքը հարցուց. ամեն տեղ իր լրբությանը վրա զարմացան, ի՜նչպես ս. պսակը չտեսնող կին մը՝ ամուսնական և մայրական իրավունքներու թեկնածու կ’ըլլա. վռնտեցին զինքը. ճարը հատած այս մայրը Նեկտար հանըմին լուր ղրկեց. անոր եղբայրը իր զավակներուն հայրն էր ու մեծ հարստություն մը ձգած էր. այդ զավակներուն համար օգնություն մը ուզեց:

Նեկտար հանըմ խոսքը ուրիշեն փոխ չէր առներ. պատասխան տվավ, որ անոր փիճերը նայելու պարտք