Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը սպասեր մինակ, որպեսզի Սերվինազ վարը խոհանոցին մեջ իր կերակուրի պատրաստությունները ավարտե ու գա դեմը նստի. երբեք հետը դուրս չէր ելլեր, վախնալով, որ արատ չբերե անոր անունին:

Վերջերը ա՛լ տունեն էր գրեթե, ազգական մը Սերվինազին համար, որ անոր ներկայությանը իր սենյակը կը մաքրեր, անկողինը կը շտկեր. երբեմն դեմի սենյակեն դրացուհին կու գար, կաթոլիկ հայուհին, իրենց հետ խոսակցելու, ան ալ ամուսինեն բաժնված կին մը, ավելի մանկամարդ, պզտիկ քույր մը Սերվինազին, և բարեկամ մըն ալ կը բերեր մեկտեղ, ան ալ իր ազգականը անշուշտ:

Սերվինազ կը սկսեր ճանչցվիլ, հյուրեր կու գային. ինքը կը սորվեր Փերայի խոսելու հատուկ շեշտերը, վարվելու եղանակները:

Զարեհ կատակ կ’ըներ այս հյուրերուն վրա. երբեմն կը հարցուփորձեր.

- Ո՞վ էր սա առջի օրվան մարդը:

- Ի՜նչ, ա՞տկե ալ կը նախանձիս, ես մնացի մնացի՝ ատանկի՞ն մնացի:

Հետո՝

- Ես մարդու նայելու սի՞րտ ունիմ. ասկե՞ ետքը:

Օր մըն ալ ելավ խորհուրդ հարցնելու Զարեհին:

- Ի՞նչ կ’ըսես, Պեքյար փողոցը աժան տուն մը կա, վարձու բռնե՞մ՝ փանսիոներ[1] առնելու համար:

Երիտասարդը համակարծիք չէր. այս պզտիկ սենյակեն գոհ էր ինք, թեև ատեն-ատեն արմունկովը՝ ներս մտնողի մը կամ դուրս ելլողի մը զարնվեր մութ սանդուխին վրա:

Վայրկյան մը չէր կասկածեր այն կեղակարծ պարկեշտության երևույթին վրա, որ այս տան մեջ կը տիրեր, այս էրիկնեն զատվող կիներուն, այս երիտասարդ ազգականներուն ալեվլուկ բարքերուն վրա, որ կը լեցվեին հոն, իր սերեն դուրս հետաքրքիր ըլլալու պետքը չզգալով բնավ և հավերժացնելով մեր միամիտ Դ. կարգը:

  1. փանսիոներ - (ֆրանս.) վարձակալ